Սերժ Սարգսյան. Ընտրությունների բացակայությունն առաջիկա տարիներին կծառայի որպես շատ լավ առիթ քիչ խոսելու և շատ աշխատելու համար
Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության Նախագահը ողջունել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 22-րդ նիստի մասնակիցներին և ընդգծել, որ ինչպես նախորդ նիստերը, այսօրվա նիստը ևս կկրի խիստ աշխատանքային բնույթ, որոշումները կկայացվեն ոչ միայն հիմնադրամի գործունեության սահուն ընթացքն ապահովելու, այլև Հայաստանի, Արցախի, Սփյուռքի առջև ծառացած խնդիրներին արդյունավետ արձագանքելու նպատակադրմամբ:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը, Նախագահն իր ներածական խոսքում նշել է, որ Հայաստանում վերջին մեկ տարին հագեցած և ընտրական էր. խորհրդարանական, նախագահական, այնուհետև Երևանի ավագանու ընտրությունները հրաշալի առիթ դարձան առկա բոլոր խնդիրները վեր հանելու հանրայնորեն հրապարակային քննարկելու և լուծումների հնարավոր ողջ բազմազանությունը դիտարկելու համար: Նախագահի խոսքով, դեռևս չկա որևէ ծանրակշիռ հարց՝ ազգային, հասարակական, սոցիալ-տնտեսական կամ այլ ոլորտի, որի վերաբերյալ առկա դիրքորոշումներն այդ ընթացքում հնչեցված ու քննության առնված չլինեին:
Հանրապետության Նախագահը բնական է համարել, որ դրանք մեր հասարակության մեջ ձևավորել են նաև մեծ սպասումներ, որոնք այդ հարցերի պատասխանատուները պարտավոր են արդարացնել:
«Կարծում եմ, որ առաջիկա տարիները ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլև ողջ հայության համար պետք է լինեն տքնաջան և արդյունավետ աշխատանքի տարիներ: Կարծում եմ, որ լուրջ արդյունքներ արձանագրելու համար ունենք բոլոր անհրաժեշտ հիմքերը, իսկ ընտրությունների բացակայությունն առաջիկա տարիներին կծառայի որպես շատ լավ առիթ քիչ խոսելու և շատ աշխատելու համար:
Անշուշտ, շարունակվում են բազմաթիվ և բազմաբնույթ մնալ նաև Սփյուռքի խնդիրները, բայց այս օրերին Սիրիայի և սիրիահայության վիճակը բոլորիս համար դեռևս մնում է որպես բաց վերք: Մենք և՛ որպես պետություն, և՛ որպես հայ ժողովուրդ աջակցում ու աջակցելու ենք սիրիահայ մեր քույրերին ու եղբայրներին, անկախ այն բանից՝ նրանք եկել են Հայաստան, թե մնացել են Սիրիայում:
Համահայկական ոչ մի կառույց այնքան ամբողջական կերպով չի արտացոլում աշխարհի հայության ձգտումներն ու հնարավորությունները, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, որքան «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Ուրեմն՝ մենք շատ գործ ունենք անելու և այսքանով բոլորիդ հրավիրում եմ աշխատելու»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նիստի օրակարգը հաստատելուց և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2012թ. կատարված աշխատանքների մասին պատմող հաշվետու ֆիլմը դիտելուց հետո, հոգաբարձուների խորհուրդն անցել է օրակարգի հարցերի քննարկմանը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրել է գործադիր վարչության հաշվետվությունը 2012թ. կատարած աշխատանքների մասին: Խորհուրդն ընդունել է հաշվետվությունը՝ ի գիտություն ընդունելով վերստուգիչ հանձնաժողովի զեկույցը: Նիստում քննարկվել և ընդունվել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2013»-ի նպատակաուղղվածության մասին հարցը, որը զեկուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
ՀՀ նախագահի աշխատակազմ