Սիրիական ընդդիմությունը ներկայացրել է Ժնևի կոնֆերանսին մասնակցելու իր նախապայմանը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիական ազգային դաշինքը երեկ նախապայման է ներկայացրել՝ Ժնևում կայանալիք Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսին մասնակցելու համար:
Սիրիացի ընդդիմադիրները պահանջում են, որ այդ կոնֆերանսի ժամանակ ժամկետ սահմանվի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի և Սիրիական հակամարտությանը վերջ դնելու համար:
Բացի այդ, ընդդիմադիրների տարածած հայտարարության մեջ ողջունվել է Սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ միջազգային ջանքերը: Նրանք հակամարտությանը վերջ դնելու գլխավոր պայման են համարում նախագահ Ասադի, ինչպես նաև զինվորական վերնախավի հեռացումը:
Reuters-ն ընդգծել է, որ այս հայտարարությունն արվել է Սիրիական ազգային դաշինքում առկա տարաձայնությունների ֆոնին. ներկայումս այն ունի 60 անդամ, որոնք հիմնականում ներկայացնում են իսլամիստական թևը:
Դեռ որևէ արդյունք չեն տվել դաշինքն ընդլայնելու և նրանում լիբերալ շարժման ներկայացուցիչներին ներառելու շուրջ տարվող բանակցությունները: