Բաժիններ՝

Սիրիայում ԱՄՆ դեսպանը վաղաժամ հրաժարական է տալու

CBS News-ի փոխանցմամբ՝ Սիրիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը վաղաժամ է լքելու զբաղեցրած պաշտոնը: Bloomberg գործակալությունն իր հերթին հայտնել է՝ ակնկալվում է, որ Ֆորդն իր լիազորությունները վայր կդնի հուլիսին:

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին ընդգծել է, որ ներկա դրությամբ Ֆորդը գտնվում է Ստամբուլում և դիվանագիտական գործերը շարունակում է այնտեղ: Նա բանակցում է սիրիացի ընդդիմադիրների ներկայացուցիչների հետ, թե նրանցից ովքեր են սիրիական ընդդիմությունը ներկայացնելու Ժնևում ՄԱԿ-ի կոնֆերանսում՝ կապված Սիրիայում տիրող դրության հետ:

Bloomberg-ի անանուն աղբյուրների տվյալներով՝ դեսպանի փոփոխումը չի նշանակի Սիրիայի հանդեպ ԱՄՆ դիրքորոշման փոփոխում: ԱՄՆ պետդեպարտամենտում CNN-ի աղբյուրը հայտնել է, որ Ֆորդի հրաժարականն ակնկալելի էր, քանի որ Ֆորդի ծառայության եռամյա ժամկետը մոտենում էր իր ավարտին, իսկ դիվանագիտական կադրերի ռոտացիան ընդունված է իրականացնել ամռանը:

Ֆորդը Սիրիայում ԱՄՆ դեսպան է նշանակվել 2010 թվականին, այսինքն, այդ երկրում բախումների սկսվելուց քիչ առաջ: Նա դարձավ վերջին 5 տարում Դամասկոսում Վաշինգտոնի առաջին ներկայացուցիչը և այդ ժամանակվանից ի վեր՝ հանդիսանում է ամենաբարձրաստիճան ամերիկացին, ով Սիրիա է այցելել քաղաքացիական պատերազմի ժամանակ:

2011 թվականի հոկտեմբերից նա իր գործառույթները սկսել է իրականացնել Վաշինգտոնից, քանի որ Դամասկոսում սկսել է սպառնալիքներ ստանալ իր հասցեին: Ակնկալվում է, որ Ֆորդը հրաժարականից հետո մինչև թոշակի անցնելը կաշխատի դաշնային գլխավոր տեսչական վարչությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս