
Սիրիայում ուժերի հարաբերակցությունը թեքվել է բանակի կողմը. Բաշար Ասադ

Լիբանանյան Al-Manar հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի ու Կատարի աջակցությամբ արաբական և օտար երկրներից 100.000 վարձկան է մուտք գործել Սիրիա:
Ասադը հավելել է, որ այդ երկրները ֆինանսավորում և ամեն կերպ աջակցում են Սիրիա մուտք գործած զինյալներին: Սիրիայի նախագահը հաստատել է, որ «Հզբոլլահի» զինյալները կառավարական զորքերի կողմից մասնակցում են Լիբանանին սահմանակից շրջաններում ընթացող մարտերին, սակայն հակառակորդի հետ ճակատամարտը վարում է սիրիական բանակը:
Ասադն ընդգծել է, որ Սիրիայում ուժերի հարաբերակցությունը թեքվել է բանակի կողմը, ով վերջին շրջանում կարևոր հաջողություններ է արձանագրել ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Ասադի խոսքերով՝ ահաբեկիչների դեմ ճակատամարտը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ: