Իրանը մեղադրվել է Լատինական Ամերիկայում լրտեսական կենտրոններ ստեղծելու մեջ

BBC-ի փոխանցմամբ՝ արգենտինացի դատախազ Ալբերտո Նիսմալը 1994 թվականին Բուենոս Այրեսի հրեական մշակութային կենտրոնում ռումբի պայթյունի գործի քննման ժամանակ հայտարարել է, որ Լատինական Ամերիկայի երկրներում ահաբեկչական ցանցի ստեղծման հետևում կանգնած է Իրանը.

«Ես պաշտոնապես Իրանին մեղադրում եմ Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում հետախուզական շտաբներ, այլ կերպ ասած՝ լրտեսական կենտրոններ ստեղծելու մեջ՝ ահաբեկչական հարձակումների խրախուսման համար:

Իրանական հետախուզության թիրախում են գտնվել Բրազիլիան, Պարագվայը, Ուրուգվայը, Չիլին, Կոլումբիան, Տրինիդադն ու Տոբագոն, Գայանան ու Սուրինամը: Իրանական լրտեսական գործունեության կոորդինատորը եղել է Բուենոս Այրեսում Իրանի մշակութային նախկին կցորդ Մոհսեն Ռաբբանին»:

Նշվում է, որ 1994 թվականի հուլիսի 18-ին Բուենոս Այրեսում մահապարտ-ահաբեկչի իրականացրած ահաբեկչության հետևանքով զոհվել է 85 և վիրավորվել է մոտ 200 մարդ:

Սկզբնական շրջանում Արգենտինան ահաբեկչությանը մասնակից լինելու մեջ մեղադրեց «Հզբոլլահին», սակայն հետագայում պատժամիջոցներ սահմանեց իրանցի մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում նաև պաշտպանության նախարար Ահմադ Վահիդիի նկատմամբ:

Արգենտինան ու Իրանն այս տարվա հունվարին հուշագիր են ստորագրել 1994 թվականի ահաբեկչության ճշմարտության վեր հանման հարցում փոխըմբռնման մասին:

Տեսանյութեր

Լրահոս