Սիրիացի ընդդիմադիրների մեծ մասը չի ձգտում ժողովրդավարության. ՄԱԿ-ի հանձնաժողովի ղեկավար
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը չի ձգտում երկրում ժողովրդավարության հաստատմանը, իսկ քաղաքացիական պատերազմը հանգեցնում է միայն Սիրիայում արմատական հայացքների աճին:
Այս մասին Փարիզում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ի՝ Սիրիայում մարդու իրավունքների խախտման անկախ հանձնաժողովի նախագահ Պաուլու Պինեյրուն: Վերջինիս խոսքերով՝ իր հանձնաժողովն ունի փաստագրական վկայություններ հակամարտող երկու կողմերի իրականացրած սարսափելի հանցանքների մասին:
ՄԱԿ-ի փորձագետը հայտարարել է, որ ընդդիմադիրների մեծ մասը հեռու է ժողովրդավարական նպատակներից և ընդհանրապես ակնկալում է մեկ այլ բան: Բրազիլացի Պինեյրուի գլխավորած հանձնաժողովը ստեղծվել է 2011 թվականի սեպտեմբերին:
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2011 թվականի մարտից Սիրիայում ընթացող բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 80.000 մարդ: