«Մուլտիգրուպի» հաշվապահը տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր
Այսօր՝ մայիսի 29-ին, Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Հակոբ Պետրոսյանի կողմից ձերբակալվել է Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ 28-ամյա Գևորգ Հակոբյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Հակոբյանը Ազգային Ժողովի պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կլեոպատրա» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահն է, ինչպես նաև «Մուլտիգրուպ» կոնցեռնի Երևանի «Քիմիադեղական» գործարանի գլխավոր հաշվապահը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր. Օր.-ի 34 (Հանցափորձը), 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Սպանությունը երկու կամ ավելի անձանց) հատկանիշներով: Քիչ առաջ Գ. Հակոբյանը տեղափոխվեց Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր, իսկ հարուցված քրեական գործը ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնից փոխանցվել է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչություն: