Քաղաքապետարանում քննարկվել է հեղեղումների հարցը
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ժամանակ «Երևան ջուր» ընկերության տնօրենը զեկուցել է, որ նախօրեին մայրաքաղաքում տեղացած առատ տեղումների հետևանքով որոշ փողոցներում գրանցվել է անձրևաջրերի առատ հոսք, ինչի արդյունքում մայրաքաղաքի որոշ փողոցներում կարճ ժամանակով նկատվել են անձրևաջրերի կուտակումներ: Ընկերության տնօրենի հավաստմամբ՝ ջրի կուտակման պատճառը ջրահեռացման գործող համակարգի թողունակության ներկայիս հնարավորություններով է պայմանավորված եղել, ինչն, այդուամենայնիվ, քաղաքապետարանի և վարչական շրջանների, ինչպես նաև ընկերության մասնագետների օպերատիվ արձագանքման արդյունքում արագ կարգավորվել է:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակում կքննարկի և հատկապես խոցելի համարվող փողոցների մասով կներկայացնի առաջարկություն՝ ջրահեռացման համակարգերի թողունակության բարձրացման ուղղությամբ.
«Շինբարեկարգման այս տարվա ծրագրերով ավելի քան 30 փողոցներում իրականացվելու են հիմնանորոգման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացնելիս պետք է հատուկ ուշադրություն դարձնել նաև ջրահեռացման համակարգերին: Այդ առումով կարող է նաև ջրահեռացման խողովակների և հորերի ավելացման անհրաժեշտություն առաջանալ, ինչը պարտադիր պետք է իրականացնել: Իսկ այն հատվածներում, որտեղ հիմնանորոգման աշխատանքներ չեն իրականացվելու, կփորձենք որոշակի միջոցներ ձեռնարկել, որպեսզի հարցին լուծում տանք»,- ընդգծել է քաղաքապետը: