Apple ընկերությունը 53 մլն դոլար կվճարի
Apple ընկերությունը 53 մլն դոլար կվճարի որպես փոխհատուցում iPhone-ի այն գնորդներին, որոնց անհիմն կերպով մերժել է երաշխիքային սպասարկում իրականացնել: Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ նշելով, որ դատական հայցը ներկայացվել էր Կալիֆորնիայի շրջանային դատարան դեռևս 2010 թվականին:
Apple-ի քաղաքականության համաձայն՝ սպասարկման կենտրոնը կարող է մերժել երաշխիքային սպասարկման հարցում, եթե խոսքը սարքերի վրա հեղուկների ազդեցության մասին է: Այդ ամենը հնարավոր է որոշել հատուկ տվիչի միջոցով, որը ցույց է տալիս խոնավության աստիճանը:
Դատական փաստաթղթերից հայտնի է դարձել, որ տվյալ դեպքում տվիչները կեղծ ազդանշան են հաղորդել խոնավության մասին, քանի որ սարքի սեփականատերերը պահպանել են օգտագործման բոլոր կանոնները:
Փոխհատուցում կստանան 153 հազար դժգոհ հաճախորդներ: Նշվում է, որ նրանցից յուրաքանչյուրը որպես փոխհատուցում կստանա մոտ 350 դոլար: