Բաժիններ՝

ԱԺ 6 ամենապարտաճանաչ պատգամավորները՝ օրվա կտրվածքով

Ազգային ժողովի մայիսի 23-ի նիստում, երբ պետք է քվեարկության դրվեր «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը, նիստին ներկայացել էին աննախադեպ մեծ թվով պատգամավորներ: Ընդ որում՝ նիստի սկզբին ՀՀԿ խմբակցությունից բացակայում էր միայն Կարեն Ճշմարիտյանը, ով, ի դեպ, բացակա էր ողջ օրվա ընթացքում:

Ծրագրի քվեարկության ժամանակ՝ ժամը 12:46-ին, ԱԺ 131 պատգամավորներից բացակա էին ընդամենը 9-ը: Սակայն դատելով այդ օրվա նիստերին պատգամավորների մասնակցության վերաբերյալ ԱԺ պաշտոնական կայք-էջում հրապարակված տեղեկանքից, քվեարկությունից հետո պատգամավորներից շատերը լքել էին դահլիճը, ընդ որում՝ հիմնական մասը՝ անվերադարձ: Օրվա ավարտին դահլիճում 30 պատգամավոր էր:

ԱԺ 131 պատգամավորներից ողջ օրվա ընթացքում ներկա են եղել միայն 6-ը՝ ՀՀԿ խմբակցության անդամներ Նաիրա Կարապետյանը, Կարինե Պողոսյանը, Հրանտ Գրիգորյանը, Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը և «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ օրվա ընթացքում հաշվառումն իրականացվել է 9 անգամ՝ ժամը 12:00-ին, 12:45-ին, 13:15-ին, 14:30-ին, 15:15-ին, 15:45-ին, 16:30-ին, 17:15-ին, 17:45-ին:

Այսպես՝ ՀՀԿ խմբակցության 70 անդամներից նիստի սկզբին և քվեարկությանը ներկա 69-ից աշխատանքային օրվա ավարտին՝ ժամը 17:45-ի դրությամբ, ներկա էին ընդամենը 22-ը: Օրվա ավարտին ներկաների թվում էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, մշտական հանձնաժողովների նախագահները: Խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բացակայում էր:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության 36 անդամներից մինչև քվեարկությունը ներկա էին 29-ը, իսկ օրվա ավարտին՝ 3-ը:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության 7 անդամներից օրվա սկզբին ներկա էին 6-ը, իսկ ավարտին՝ 2-ը:
«Օրինաց երկիր» խմբակցության 6 անդամներից օրվա սկզբին ներկա էին 5-ը, իսկ ավարտին՝ 1-ը:

ՀՅԴ 5 պատգամավորներից օրվա սկզբին ներկա էին 3-ը, իսկ ավարտին՝ 1-ը:

«Ժառանգություն» խմբակցության 4 անդամներից օրվա սկզբին ներկա էին 3-ը, իսկ ավարտին՝ 1-ը:

Օրվա սկզբին ներկա խմբակցություններում չըդգրկված 3 պատգամավորներից օրվա ավարտին ներկա չէր որևէ մեկը:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս