Բաժիններ՝

Կիբերհանցագործության հետքերը տանում են Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղ

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով  քննության վարչությունը քրեական գործ է հարուցել և Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի 18-ամյա բնակիչ Արման Մխոյանին առաջադրել կիբերհանցագործությունների մեղադրանք՝ մի քանի դրվագներով:

Այսպես, ըստ մեղադրանքի, Արման Մխոյանը  վնասաբեր ծրագրի հնարավորություններն օգտագործելու արդյունքում համապատասխան օգտատերերի անհատական Էջեր մուտք գործելու համար անհրաժեշտ տվյալներին տիրապետելուց հետո ապօրինի տիրացել է    Գևորգ Սաֆարյանի, Կարեն Բավեյանի և Սեյրան Կարապետյանի անհատական համացանցային Էջերին՝ դրանով իսկ զրկել է նրանց սեփական անհատական էջերի օգտագործման հնարավորությունից և պատճառել նրանց բարոյական վնաս։

Ըստ մեղադրական եզրակացության, նա  2012 թ. փետրվարի սկզբներին սոցիալական կայքի օգտատեր Գևորգ Սաֆարյանին առաջարկել է իր անհատական էջի համապատասխան  հատվածում  լրացնել   էջ  մուտք գործելու  համար պահանջվող մուտքանունն ու գաղտնագիրը։ Վերջինս, գտնվելով մոլորության մեջ, կատարել է այդ պահանջը,   պահանջվող մուտքանունն ու գաղտնագիրը պատճենահանվել և անմիջապես փոխանցվել են Արման Մխոյանի կողմից օգտագործվող վնասաբեր ծրագրի բաղկացուցիչ մասը կազմող ծրագրային ֆայլին, որի միջոցով վերջինս ապօրինի տիրացել է Գևորգ Սաֆարյանի՝ համակարգչային տեղեկատվություն պարունակող անհատական էջին, փոխել է տվյալ էջի գաղտնագիրը՝ զրկելով նրան հետագա հնարավորությունից՝ օգտվելու իր անհատական էջից:

2012 թվականի փետրվար ամսվա սկզբներին նույն կերպ մեղադրյալը անվճար խաղային   միավորներ տրամադրելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող առաջարկ պարունակող հղումն ուղարկել է Գևորգ Սաֆարյանի հետ www.odnoklassniki.ru սոցիալական կայքի Друзья բաժնում գտնվող Կարեն Բավեյանի և Սեյրան Կարապետյանի անվանմամբ անհատական էջերին, ինչի հետևանքով էջերն «օտարվել են» մոլորության մեջ հայտնված օգտատերերից:

Դրանից հետո 2012թ. հուլիսի 2-ին առանց թույլտվության՝ գաղտնագրի կիրառմամբ,  ներթափանցելով Լուսինե Կարապետյանի՝ սոցիալական կայքի  անհատական էջ, փոխելով պաշտպանիչ տվյալները, ապօրինի տիրացել է տվյալ անհատական էջին, այնուհետև այն վերադարձնելու համար Լուսինե Կարապետյանի հետ կատարված նամակագրությունների միջոցով պահանջել և 2012թ. հուլիսի 13-ին նույն անհատական էջի միջոցով ստացել է ընդհանուր 5000 դրամ արժողությամբ «Ղ.–Տելեկոմ» ՓԲԸ-ի «Վիվա-Սելլ» բջջային ցանցի թվով հինգ 1000-ական ՀՀ դրամի բջջային հեռախոսի լիցքավորման քարտերի թվային տվյալներ: Ստանալով լիցքավորման քարտի տվյալները՝ դրանց միջոցով լիցքավորել է իր բջջային հեռախոսները: Իսկ Լուսինե Կարապետյանի անհատական էջը վերադարձրել է նրան:

Մեղսագրվող արարքների համար Արման Մխոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ 256-րդ հոդվածների առաջին մասերով՝ Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը և Վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը և տարածելը: ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության և  կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Ա.Հարությունյանը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ գործն ուղարկել դատարան։

Արման Մխոյանը մայիսի 31-ին կկանգնի դատարանի առջև՝ գործի քննվի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս