Ոստիկանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ, այսօր կսկսվի պաշտոնեական կեղծիքի մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչ Վահե Եփրիկյանի գործով դատավարությունը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ըստ մեղադրանքի, տեսուչն, ով սպասարկվող տարածքում կատարված հանցագործությունների հայտնաբերման, ստացված հաղորդումների, ահազանգերի օրինական ու ժամանակին ստուգման համար պատասխանատվություն կրող, իշխանության ներկայացուցչի լիազորություններով օժտված պաշտոնատար անձ է, «անձնական դրդումներով կազմել և շրջանառության մեջ է դրել իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր և իրադարձություններ հաստատող պաշտոնեական կեղծ փաստաթղթեր»:
Ըստ մեղադրական եզրակացության, 2013 թվականի փետրվարի 3-ին Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետը տեղամասային տեսուչ Վահե Եփրիկյանին է հանձնարարել Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ Լյովա Նազարյանի` իր տան բակում ծառ կտրելիս անզգուշությամբ մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ «Աբովյան» բժշկական կենտրոնի ստացված ահազանգի ստուգումը: Ըստ մեղադրանքի, ստուգումը ժամանակին, լիարժեք և սահմանված կարգով կատարված լինելու մասին իր ղեկավարության մոտ տպավորություն ստեղծելու անձնական դրդումներով Վահե Եփրիկյանն առանց Լյովա Նազարյանի և դեպքին առնչվող մյուս անձանց հետ հանդիպելու և տեղազննության կատարելու 2013 թվականի փետրվարի 5-ին կազմել և պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետին է հանձնել Լյովա Նազարյանից և վերջինիս հարևանից բացատրություններ վերցնելու, ինչպես նաև մտացածին ընթերակաների մասնակցությամբ տեղազննություն կատարելու մասին կեղծ արձանագրություններ: Դրանց հիման վրա ներկայացվել է նաև կեղծ եզրակացություն` Լյովա Նազարյանի` անզգուշությամբ մարմնական վնասվածք ստանալու հանգամանքը հարևանի կողմից հաստատելու, հանցագործության դեպքի բացակայության և նյութերը ոստիկանության բաժնի թղթապանակին կցելու մասին:
Վահե Եփրիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի առաջին մասով՝ պաշտոնեական կեղծիքը: