Կրակոցներ՝ Երևանում. կա 2 վիրավոր (լուսանկարներ)
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 34 (հանցափորձը), 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 120 հոդվածի (անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 01:40-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ դեմքի և ճակատի մասերում հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 հոգի:
Ոստիկանները պարզել են, որ հրազենային վնասվածքներ ստացած անձիք Ավանի 7-րդ փողոցի բնակիչներ, 24-ամյա Արտյոմ Ալեքսանյանն է և 25-ամյա Ռոբերտ Հովսեփյանը: Նրանք հիվանդանոց են տեղափոխվել Ավանի 7-րդ փողոցից:
Դեպքի վայրում ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է որսորդական հրացանից կրակված 2 պարկուճ, արյան հետքեր և արյունոտված սրբիչ:
Հանցագործությունը բացահայտելու նպատակով ստեղծվել են օպերատիվ քննչական խմբեր, որոնք պարզել են իրականությունը ու Աբովյան քաղաքից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Նոր Նորքի ոստիկանություն են բերման ենթարկել Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչներ 28-ամյա Գևորգ Հակոբյանին և 25-ամյա Հովիկ Հակոբյանին:
Սկզբում եղբայրները հերքել են, որ իրենք եղել են նշված փողոցում, սակայն հետո՝ փաստերի ճնշման տակ, խոստովանել են ու Նոր Նորքի քննչական բաժնի քննիչների բացատրական աշխատանքի արդյունքում Գ. Հակոբյանը ներկայացրել է նաև որսորդական հրացանը, որով կրակոցներ է արձակել վիրավորների ուղությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իր տեղեկություններով, Հովիկ Հակոբյանը աշխատում է «Գոլդեն Գլաս» ՍՊԸ-ում՝ որպես կոմերցիոն տնօրեն, իսկ Գևորգ Հակոբյանը՝ «Կլեոպատրա» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ, ինչպես նաև՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի՝ Երևանի քիմիադեղական գործարանի գլխավոր հաշվապահ:
Նշված ընկերությունները պատկանում են Ազգային Ժողովի պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: