Մարզպետներին քիչ մնաց. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթրթը գրում է. «Իշխանական շրջանակներում քննարկվում է մի քանի մարզպետների պաշտոնանկության հարցը: Ըստ Հանրապետական կուսակցության մեր աղբյուրների, այդ հարցը կլուծվի մինչև հունիսի վերջ:
Ավելին, իշխանական կուլիսներում արդեն նրանց փոխարինողների անուններ են նշվում: Դեռ նախագահական ընտրություններից հետո նույն շրջանակներում խոսվում էր, որ առնվազն չորս մարզպետներ պաշտոնանկ են արվելու:
Խոսքը հատկապես այն մարզերի մասին է, որոնց մարզկենտրոններում փետրվարի 18-ին Սերժ Սարգսյանն անգամ պաշտոնական թվերով պարտվել Էր Րաֆֆի Հովհաննիսյանին:
Ընտրություններից անմիջապես հետո Շիրակի այլևս նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը՝ չսպասելով հետագա խոսակցություններին ու «ռազբորկաներին», ինքը ազատման դիմում գրեց:
Դրանից հետո խոսվում էր, որ միանշանակ պաշտոնանկ է արվելու Տավուշի մարզպետը, սև ցուցակում նշվում էին նաև Արմավիրի, Արարատի և անգամ Վայոց Ձորի մարզպետների անունները:
Այս պահին կայացված ոչ պաշտոնական որոշման համաձայն, հարվածի տակ են միայն երեք մարզպետներ: Խոսքը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մասին է:
Ուշագրավ է, որ Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում պաշտոնական թվերով պարտվել էր ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ Րաֆֆի Հովհաննիսյանը: Պատկերն այստեղ հետևյալն էր. Սերժ Սարգսյան՝ 13142 ձայն, Րաֆֆի Հովհաննիսյան՝ 8757 ձայն: Ս. Սարգսյանը պարտվել էր Աբովյան քաղաքում:
Այլ պատկեր է Սյունիքի մարզկենտրոն Կապանում, որտեղ Ս. Սարգսյանը հավաքել էր 4274 ձայն, Ր. Հովհաննիսյանը՝ 9375 ձայն և Տավուշի մարզկենտրոն Իջևանում, որտեղ Ս. Սարգսյանի ձայները 3143 էին, Ր. Հովհաննիսյանինը՝ 5554:
Դեռ ԱԺ անցած քառօրյայի ընթացքում խորհրդարանի միջանցքում խոսվում էր, որ Տավուշի ՀՀԿ-ական մարզպետ Արմեն Ղուլարյանի փոխարեն նշանակվելու է ԱԺ նախկին պատգամավոր ՀՀԿ անդամ Գագիկ Մելիքյանը: Նա անցած գումարման խորհրդարանում ՀՀԿ խմբակցության քարտուղարն էր, այս անգամ թեև ՀՀԿ համամասնական ցուցակում կար, բայց ԱԺ ցանցավ:
Ու թեև Մելիքյանի կուսակից ընկերները ոչ պաշտոնապես նշում են, որ հենց նա է Տավուշի մարզպետ նշանակվելու, սակայն վերջինս մեզ հետ զրույցում խուսափում էր հաստատել տեղեկությունը»:
Գագիկ Մելիքյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում: