Թուրքիայի անդամակցության դեպքում ԵՄ-ը կդառնա ավելի ազդեցիկ աշխարհում. Դավութօղլու
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Բրյուսելում կայացել է ԵՄ-Թուրքիա Գործընկերության խորհրդի 51-րդ նիստը, որում Թուրքիան ներկայացրել է արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
Վերջինս հանդիպումներ է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի և Իռլանդիայի փոխվարչապետ, արտգործնախարար և առևտրի նախարար Էմոն Գիլմորի հետ: Հանդիպման ավարտից հետո Դավութօղլուն հանդես է եկել մամուլի համար նախատեսված հայտարարությամբ.
«ԵՄ-ին անդամակցելը շարունակում է մնալ Թուրքիայի ռազմավարական նպատակը: Թուրքիան արդեն իսկ արժանի է ԵՄ-ին անդամակցելուն: Եթե Թուրքիան ներառվի ԵՄ-ի կազմում, ապա վերջինս կդառնա ավելի ազդեցիկ աշխարհում»:
Դավութօղլուն անդրադարձել է նաև ԵՄ-ի ու Թուրքիայի միջև առկա վիզային ռեժիմի վերացման խնդրին և ԵՄ-ին կոչ է արել արագացնել տվյալ գործընթացը: Դավութօղլուն ընդգծել է, որ վիզային ռեժիմի վերացման և հետընդունման մասին համաձայնագրերի կնքումը պետք է իրականացվի միաժամանակ: