Գեներալ Մանվելի եղբորորդին՝ հորեղբոր ընտանիքի դեմ. մամուլ
«Էջմիածնի Արշալույս գյուղում շաբաթ օրը ցնծություն էր՝ քանդվում էր «Բեռլինի պատը»: Գյուղացիների ու իրավապահների բազմությունը բացում էր այն ճանապարհը, որը գեներալ Մանվելն ու իր որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, տարիներ շարունակ փակել էին, որպեսզի իրենց տան մոտով երթևեկություն չլինի»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.
«Ճանապարհի այդ հատվածում հողապատնեշ էին սարքել, որը խոչընդոտում էր երթևեկությունը: Սակայն շաբաթ օրը գեներալի եղբորորդին՝ Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, «քաջություն ու կամք» դրսևորեց՝ դուրս գալու հորեղբոր ընտանիքի դեմ:
Հիշեցնենք, որ գյուղապետն ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրն է, և վերջիններս թշնամական հարաբերություններ ունեն հորեղբոր ընտանիքի հետ:
Թե ինչպես ստացվեց, որ գեներալի արգելափակոցը համարձակվեցին փլուզել, փորձեցինք ճշտել գյուղապետ և պատգամավոր եղբայրներից: Պատգամավորը՝ Հրանտ Գրիգորյանը, խոստացավ 10 րոպեից զանգել ու հարցերին պատասխանել, սակայն հեռախոսն անջատեց ու ողջ օրը դարձավ անհասանելի»: