Կանադահայերը հանրագիր են կազմակերպել` ընդդեմ իրենց թեմի առաջնորդի փոխարինման
Change.org-ի փոխանցմամբ` Կանադայի հայ համայնքը հանրագիր է կազմակերպել` ընդդեմ Կանադայի հայոց թեմի առաջնորդի փոփոխման: Այս տարվա մայիսի 24-26-ին տեղի ունեցած Հայ առաքելական եկեղեցու Կանադայի թեմի 30-րդ պատգամավորական ժողովում որոշվել է փոխարինել Կանադայի հայոց թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին:
Այս կապակցությամբ կազմակերպված հանրագրում նշված է, որ իրենց սիրելի և ակտիվ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին փոխարինելու որոշումը չի արտացոլում Կանադայի հայ համայնքի ցանկությունը: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին հղված խնդրագրում կոչ է արվում դիտարկել այդ հարցը և չվավերացնել տվյալ որոշումը:
Հիշեցնենք, որ Բագրատ Գալստանյանը սարկավագ է ձեռնադրվել 1993 թվականի դեկտեմբերի 25-ին: 1998-2000 թվականներին Անգլիայում ուսանելու տարիներին եղել է Մանչեսթերի հայ համայնքի այցելու հոգևոր հովիվ։ 2002 թվականի հոկտեմբերի 14-ից Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ։ 2003 թվականի մայիսի 31-ին Կանադահայոց թեմի 20-րդ պատգամավորական ժողովում ընտրվել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ։