
Թուրք կուսակցապետը պահանջել է Դավութօղլուի հրաժարականը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին կուսակցական ժողովում գնահատական է տվել Ռեյհանլըում գրանցված պայթյուններին և պահանջել է արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հրաժարականը.
«ԱԶԿ-ական (Թուրքիայի իշխող կուսակցություն) արտգործնախարարն ամենուրեք խոսում է Իրաքում, Աֆղանստանում հազարավոր մարդկանց արյունահեղության կանգնեցման անհրաժեշտության մասին: Սակայն «Զրո խնդիր հանճարեղ» արտաքին քաղաքականությամբ Թուրքիան ունի ավելի շատ խնդիրներ:
Սիրիայի հարցը սպառնում է Թուրքիայի անվտանգությունը: Մարդասպանները շրջում են Թուրքիայում և պատվերով սպանություններ են իրականացնում մեր երկրում, որին զոհ են գնում մեր քաղաքացիները:
Ռեյհանլըում մեր 52 եղբայրների զոհվելը ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին նմանատիպ դեպքն է, որովհետև վարչապետ Էրդողանն ու Թուրքիայի կառավարությունը մտել են մահվան թունելը, նետվել են մսաղացի մեջ»: