Ո՞վ է պատասխանատու Երևանի հեղեղատարների մաքրման համար
Յուրաքանչյուր անգամ, երբ Երևանում հորդառատ անձրև է տեղում, մայրաքաղաքի փողոցները վերածվում են գետերի: Եվ ամեն անգամ հրատապ է դառնում քաղաքի հեղեղատարների մաքրման հարցը:
Ինչպես 168.am-ին հայտնեցին քաղաքապետարանի լրատվական բաժնից, հեղեղատարների մաքրման համար «պատասխանատու է նաև «Երևան ջուր» ընկերությունը: Մեր մյուս բոլոր հարցերին պատասխանը մեկն էր՝ «այսօր ոչ աշխատանքային օր է»:
«Երևան ջուր»-ի լրատվական ծառայության պետ Անահիտ Մանասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընկերությունը պատասխանատու է քաղաքի ոչ բոլոր հեղեղատարների համար, այլ կառավարության հետ կնքված պայմանագրի համաձայն՝ ընդամենը մի հատվածի: Նա վստահեցրեց, որ իրենց հանձնված հեղեղատարները պրոֆիլակտիկ մաքրվում են և այդ հարցում ընկերությունը չի թերանում: Իսկ թե ինչու են անձրևների ջրերը հոսում փողոցներով և ոչ թե լցվում հեղեղատարները, Ա.Մանասյանը մասամբ պայմանավորեց գլոբալ տաքացմամբ և տեղումների ծավալի ավելացմամբ. «Ի սկզբանե Երևանի հեղեղատարները նախատեսված չեն եղել նման ծավալի հոսքաջրերի համար»: