Վրաստանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղելու Ռուսաստանին. Փանջիկիձե

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վրաստանի ԱԳՆ-ը Շվեյցարիայի դեսպանատան միջոցով բողոքի նոտա է հղելու Ռուսաստանին:

Նա ընդգծել է, որ Վրաստանի ԱԳՆ-ը վրդովված է այսպես կոչված վարչական սահմաններն ինքնակամ առաջ տանելու փաստի կապակցությամբ, որը հաստատվել է ՆԳՆ-ի կողմից: Խոսքը գնում է Գորիի շրջանում ռուս սահմանապահների կողմից պայմանական սահմանը 300 մետր առաջ մղելու մասին:

Դրա հետ կապված՝ Փանջիկիձեն հայտարարել է. «Շվեյցարիայի դեսպանատան միջոցով Ռուսաստանին կուղարկվի բողոքի նոտա: Այդ հարցը կբարձրացվի նաև Ժնևյան բանակցություններում: Ընթացիկ շաբաթվա ընթացքում ես այս թեմայի շուրջ կզրուցեմ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:

Բացի այդ, հունիսի 5-ին պլանավորված է Զուրաբ Աբաշիձեի ու Գրիգորի Կարասինի հանդիպումը, որի ժամանակ կդիտարկվի նաև այդ հարցը: Սահմաններն առաջ տալը ինքնակամ քայլ է, որը բարդացնում է հումանիտար իրավիճակը և խախտում է միջազգային նորմերը: Մենք պահանջում ենք վերականգնել մինչ այս գոյություն ունեցած իրադրությունը»:

Տեսանյութեր

Լրահոս