Բաժիններ՝

Արքայազն Չարլզն այսօր ժամանում է Հայաստան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուելսի արքայազն Չարլզը կդառնա թագավորական ընտանիքի առաջին անդամը, ով մասնավոր այցով մայիսի 28-30-ին կայցելի Հայաստան: Այս մասին հայտնել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի ծառայությունը:

Արքայազն Չարլզը Հայաստան է այցելում որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր, որի գործունեությունն ուղված է Հայաստանի մայրաքաղաքի ճարտարապետական ժառանգության, նրա նշանակալից հուշարձանների ու շինությունների վերականգնմանն ու պահպանմանը:

Արքայազն Չարլզը և Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը հիմնադրամի շրջանակներում բարեգործական ծրագիր են իրականացնում Երևանում:

Իր հայկական այցի շրջանակներում արքայազն Չարլզն այցելելու է Մատենադարան, որը UNESCO-ի կողմից ճանաչվել է որպես համաշխարհային մշակույթի կենտրոն, ինչպես նաև՝ Էջմիածին:

Արքայազն Չարլզը ներկա է գտնվելու Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի Ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք համերգին, ինչից հետո տեղի կունենա «Երևան, իմ սեր» ծրագրի շրջանակներում բարեգործների պատվին կազմակերպված ընդունելությունը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ չէր բացառվում, որ արքայազն Չարլզի այցը Հայաստան կարող է կապված լինել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս