Բաժիններ՝

Մեղրիի բնակիչների բաց նամակը՝ ՀՀ նախագահին

«Մեղրիի տարածաշրջանում այժմ շահագործվում են Տերտերասարի ոսկու, Լիճքվազ-Թեյի ոսկու, Ագարակի պղինձ-մոլիբդենի, Լիճքի պղինձ-մոլիբդենի. Այգեձորի պղինձ-մոլիբդենի (Թխկուտի ևԿենտրոնական տեղամասեր) հանքավայրերը…

Այժմ երկրաբանական ուսումնասիրություններ են կատարվում Խաչքար-Փարավանի բազմամետաղային, Բերդաքարի պղինձ-մոլիբդենի, Վերին–Վարդանիձորի ոսկու, Գյոզ-Գյոզի ոսկու, Վանք և Կալեր գյուղերի շրջակա տարածքի բազմամետաղային, Թունդիր գետի ազնիվ մետաղների, Շվանիձորի նեֆելինային սիենիտների, Նյուվադիի պղնձի և Նռանաձորի պղինձ-ոսկու հանքաերևակումներում…»:

Այս տեղեկատվությունը վերցված է ՀՀ նախագահին ուղղված Մեղրիի համայնքի ավագանու 25.01.2013թ. ուղերձի պատասխանից, որը ստրագրված է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանի կողմից (27.03.2013  № 5/33/50851):

Վերոհիշյալ հանքավայրերի շահագործումը աղետալի վիճակի կհանգեցնի Մեղրիի տարածաշրջանի առանց այդ էլ անբարենպաստ էկոլոգիան:

Կարդացեք նաև

Այս ամենին ավելացնենք նաև այն հանգամանքը, որ Մեղրի գետի վրա այժմ կառուցվում են 9 ՀԷԿ-եր, որոնց գործարկման պայմաններում կոչնչանա զգալի տարածքով բուսածածկույթ: Ովքե՞ր են տերերն այս կառույցների…

Մեղրիի տարածաշրջանի նման ստրատեգիական տարածքի վրա նմանատիպ էկոլոգիական  գրոհը հղի է աղետալի հետևանքներով: Հրաշալի բնակլիմայական պայմանների և մեղրեցու  քրտնաջան աշխատանքի արդյունքում ստեղծված մրգի այգիներն այսօր վերացման վտանգի տակ են: Չորանում են ընկուզենիները, թթենիները, կեռասենիները, դեղձենիները : Ծիրանենիները վաղուց ի վեր եզակի ծառատեսակներ են մեր տարածաշրջանում: Գյուղատնտեսությամբ զբաղվելն ապարդյուն և անօգուտ է. մեղրեցին լքում է իր հողը, որը տարիներ ի վեր նրան պահում էր սահմանային  այս տարածքում:

Առողջական խնդիրներ ունեցող մարդիկ նշում են, որ զգալիորեն լավ են զգում Մեղրիից դուրս, կարգավորվում է արյան ճնշումն առանց դեղորայքի կամ դեղերի նվազագույն դեղաչափերի օգտագործման, վերանում է հոդերի առավոտյան կարկամությունը, անցնում է գլախացավը և վերականգնվում է մարդկանց աշխատունակությունը: Այս հանգամանքը ևս մարդկանց ստիպում է լքել Մեղրին…:

Վերոհիշյալ էկոլոգիական իրավիճակը տագնապ է առաջացնում և կրկին ու կրկին հաստատում այն մտահոգությունը, որ ահագնացող այս վտանգը հղի է լուրջ  հետևանքներով: Մեղրին այլևս անպիտան կլինի որպես բնակավայր, կդատարկվեն համայնքերը և կիրականան ազգի թշմանիների վաղեմի երազանքները տեսնել  Մեղրին ամայի տարածք և օգտագործել այն ընդամենը որպես միացման ճանապարհ:

Որպես վերջաբան հիշեցնում ենք Վազգեն Սարգսյանի «…Եվ նրանց ոտնահետքերով սկսվում է պատմությունը» ստեղծագործությունից մի հատված. «Մեղրին ավելի կարեւոր է, քան ցանկացած տարածք՝ նույնիսկ Ղարաբաղը: Մեղրին իր քարուքռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող: Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալը՝ սուտ է: Մեծ, համաշխարհային սուտ:…: Եթե տան, ավելի վատ: Որովհետեւ իրենք շատ են, իրենք այսօր մեզնից ուժեղ են: Տվեցին, գալու են ու մեզ ուտեն: Իրենց թվով: Իրենց տնտեսությամբ: Իրենց փողով»:

Մեղրեցիները մտահոգված են  տարածաշրջանի նկատմամբ վարվող այս սպառողական քաղաքականության աղետալի հետևանքներով:

Մարդկային կյանքերի և տարածքների ամայացման գնով մի´ իրականացրեք անհատներին հարստացնելու և «Մեղրին՝ առանց մեղրեցու»  քաղաքականությունը:

Մեղրիի բնակիչներ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս