Բաժիններ՝

ՄԻՊ արագ արձագանքման խումբն այսօր այցելել է բռնի ուժով Ավանի հոգեբուժարան տեղափոխված Ամալյա Նազարեթյանին

ՄԻՊ արագ արձագանքման խումբն այսօր այցելել է Ավանի հոգեբուժարան և ուսումնասիրել է մոտ 10 օր առաջ հոգեբուժարան տեղափոխված 70-ամյա Ամալյա Նազարեթյանին հարկադիր հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ փաստաթղթերը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՄԻՊ մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը: Նրա փոխանցմամբ՝ արագ արձագանքման խումբը, փաստաթղթերն ուսումնասիրելով, արձանագրել է, որ «ամեն ինչ կատարվել է օրենքի սահմաններում». «Ինչպես կարգն է, դիմել են դատարան և նրան նշանակել են բուժում»,- ասաց ՄԻՊ խոսնակը:

Նաիրա Կարմիրշալյանը նաև տեղեկացրեց, որ ՄԻՊ արագ արձագանքման խումբը հիվանդանոցում տեսել է Ամալյա Նազարեթյանին, սակայն նրա հետ չեն զրուցել. «Նրան քնաբեր են տված եղել, ինքը զրուցել չի կարողացել»,- ասաց նա:

Ն. Կարմիրշալյանի խոսքով՝ հոգեբուժարան այցելած ՄԻՊ արագ արձագանքման խմբի անդամների հետ զրույցից ինքը հասկացել է, որ Ամալյա Նազարեթյանը նախկինում ևս հոգեբուժարանում եղել է:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հայկական ժամանակ» օրաթերթը ներկայացրել էր Ամալյա Նազարեթյանի պատմությունը: Խմբագրություն է ահազանգել Երևանի Կոմիտաս 56 հասցեի  շենքի բնակիչներից մեկը՝ ասելով, որ իրենց հարևանուհուն՝ բռնի ուժով տեղափոխել են հոգեբուժարան. «Զանգահարած երիտասարդ կինը խոսելու ընթացքում ծայրահեղ հուզված էր և օգնություն էր աղերսում: Բանն այն է, որ Նազարեթյանի բնակարանը զբաղեցնում է նույն շենքի առաջին հարկում գտնվող «Իդեալ» խանութի (նկարում) երկրորդ հարկը: Եվ ահա, ըստ հարևանուհու, խանութի տերերը որոշել են շինարարական փոփոխություններ կատարել առաջին և երկրորդ հարկերի միջև: Ամալյա Նազարեթյանը որպես բնակիչ՝ դեմ է եղել: Բավական երկար ժամանակ նրա և խանութի ներկայացուցիչների միջև լարված հարաբերություններ են եղել, քանի որ Նազարեթյանը խնդրով պարբերաբար դիմել է ոստիկանություն: Եվ ահա, օրերից մի օր այս հարեւանուհուն է մոտեցել թաղային ոստիկանը՝ ձեռքին մի թուղթ և հորդորել ստորագրել այդ թղթի տակ առ այն, որ Ամալյա Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի: Հարևանուհին հրաժարվել է ստորագրել, քանի որ այդ կինը հոգեկան խնդիրներ չի ունեցել: Ըստ նրա տեղեկությունների, հարևաններից որևէ մեկը չի ստորագրել թղթի տակ: Իսկ արդեն մի քանի օր անց նրանք ականատես են եղել, թե ինչպես է մի մեծ մեքենա կանգնել շենքի բակի տաղավարի մոտ, վեճի ձայներ են լսվել, Ամալյա Նազարեթյանը տարածքում գտնվող շենքի հավաքարարուհուն խնդրել է ասել, որ ինքը հոգեկան հիվանդ չէ, ապա նրան բռնի ուժով դրել են մեքենան ու տարել: Ավելի ուշ հարևանները պարզել են, որ նրան տեղափոխել են հոգեբուժարան»,- գրել էր թերթը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս