Իրանի ու «Վեցյակի» հաջորդ հանդիպումը կանցկացվի Իրանի նախագահական ընտրություններից հետո. Քեթրին Էշթոն
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլն անհրաժեշտ է անցկացնել Իրանի նախագահական ընտրություններից հետո՝ հաշվի առնելով այն, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդի քարտուղար Սայիդ Ջալիլին Իրանի նախագահի թեկնածուներից մեկն է:
Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը. «Կարծում եմ, որ ճիշտ կլինի նոր հանդիպման մասին մտածել ընտրություններից հետո: Մենք պետք է սպասենք և տեսնենք, թե ինչպես են ավարտվում ընտրությունները, քանի որ կախված նրանից, թե ով կընտրվի՝ կարող են լինել տաբեր տեսանկյուններ (կապված բանակցային գործընթացի հետ)»:
Քեթրին Էշթոնն ու Սաիդ Ջալիլին վերջին անգամ բանակցել են այս տարվա մայիսի 15-ին, Ստամբուլում: Հանդիպումից հետո Ջալիլին հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է մինչև երկրում նախագահական ընտրությունների անցկացվելը «Վեցյակի» հետ բանակցել ևս մեկ անգամ: Իրանում նախագահական ընտրություններն անցկացվելու են հունիսի 14-ին: