
Եվրոպացի ներդրողների երևանյան համաժողովը հետաձգվել է

«Արևելյան ներդրումներ» եռամյա ծրագրի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի օժանդակությամբ և Եվրապալատի (Eurochambers) ղեկավարությամբ այս տարվա գարնանը Երևանում պետք է կազմակերպվեր ներդրումային համաժողով, որը սակայն հետաձգվել է մինչև աշուն: Ինչպես 168.am-ին հայտնեց Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը, ԵՄ ներկայացուցիչները հայկական կողմին չեն իրազեկել համաժողովի հետաձգման պատճառների մասին:
Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում տեղի է ունենալու ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի հետ գրեթե միաժամանակ պետք է նաև եվրոպացի դոնորները և միջազգային ֆինանսական կառույցների ղեկավարները քննարկումներ անցկացնեն Հայաստանին օժանդակության հարցով: Հնարավոր է, որ դրանից հետո արդեն ավելի որոշակիցած ծրագրերով եվրոպացի ներդրողները հավաքվեն Երևանում և հստակեցնեն տրամադրվելիք աջակցության մանրամասները:
Մինչ այդ ԱԱՊ-ն իրականացրել է Հայաստանի ներդրումային դաշտի քարտեզագրում, հավաքվել են տարբեր ոլորտների, խոշոր, միջին ու փոքր ներդրումային ծրագրերը, որոնք ուղարկվել են եվրոպացի գործընկերներին: