
Բուքմեյքերները հավատում են լեսբուհիներին

Միջազգային բուքմեյքերները սովորաբար խաղադրույքներ են սահմանում ոչ միայն սպորտային միջոցառումների, այլև՝ մշակութային, քաղաքական և այլ ոլորտների իրադարձությունների համար: Կաննի կինոփառատոնը բացառություն չէ, քանի որ համարվում է ամենահեղինակավոր միջազգային կինոփառատոնը:
Կաննի 66-րդ փառատոնը, որը սկսվել է մայիսի 15-ին, կփակվի վաղը՝ մայիսի 26-ին: Մրցութային ծրագրում ընդգրկված է 20 ժապավեն՝ աշխարհի տարբեր երկրներից: Բուքմեյքերների կարծիքով՝ «Ոսկե արմավենուն» արժանանալու ամենամեծ հնարավորությունն ունի թունիսցի ռեժիսոր Աբդելատիֆ Քեշիշի «Ադելի կյանքը» (ռուսական վարձույթում՝ «Կապույտն ամենաջերմ գույնն է») ֆրանսիական արտադրության դրաման: Վերջինիս հաղթանակի գործակիցն ամենացածր է՝ 2,25: Այս ֆիլմն ամենաբարձր վարկանիշն է ստացել նաև կինոքննադատների կողմից, սակայն վերջիններիս կարծիքով, այն դժվար թե ստանա փառատոնի բարձրագույն մրցանակը, քանի որ պատմում է լեսբուհիների սիրո մասին, և «Ոսկե արմավենին» կարող է քննադատությունների ալիք բարձրացնել:
Բուքմեյքերների երկրորդ ֆավորիտը իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի «Մեծ գեղեցկություն» ժապավենն է (հաղթանակի գործակիցը 5 է): Երրորդ տեղում իրանցի աշխարհահռչակ ռեժիսոր Ասգար Ֆարհադիի՝ ֆրանսիական արտադրության «Անցյալը» ընտանեկան դրաման է. վերջինիս հաղթանակի գործակիցը 6 է: Բուքմեյքերների կարծիքով՝ «Ոսկե արմավենուն» արժանանալու իրական հնարավորություններ ունեն նաև ճապոնական «Ինչպես հայրն է, այնպես էլ՝ որդին» և ամերիկացի Քոեն եղբայրների «Լյուին Դևիսի ներսում» ժապավենները: