«Հայռուսգազարդի կողմից ներկայացված հայտը հիմնավոր է»
«Ազատություն» ռադիոկայանը ֆեյսբուքյան ասուլիս էր կազմակերպել «ՀայՌուսգազարդ»-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Սարդարյանի հետ: Օգտատերերի ուղղած հարցերը բազմազան էին` սկսած հյուրի ընտանեկան բյուջեից մինչև գազի թանկացմանն ու դրան առնչվող փաստաթղթերը:
Տիկին Սարդարյանը նշեց, որ, հետևելով վերջին օրերի հրապարակումներին ու գրառումներին, նկատել է` տրամադրություններ են ստեղծվում, թե «ՀայՌուսգազարդը» թշնամի կառույց է: Սակայն այն ունի ամենալուրջ ներդրումը Հայաստանում` ամենաշատ հարկերն է վճարել պետբյուջե, և սա ևս հայրենասիրության դրսևորում է:
Նրան հարց ուղղեցին, թե կմասնակցի՞ գազի գնի թանկացման դեմ իրականացվող ակցիաներին, պատասխանեց. «Ոչ, չեմ մասնակցի, որովհետև գտնում եմ, որ իմ ընկերության կողմից ներկայացված հայտը հիմնավոր է»:
Facebook-յան օգտատեր Անուշ Ղարիբյանը հարցրել էր. «Գազի գնի բարձրացմանը հետևելու է ընդհանուր գների բարձրացում, որն էլ խթանելու է առանց այն էլ մեծ չափսերի հասնող արտագաղթը, չե՞ք կարծում, որ հենց դա է նպատակը, Հայաստանը դատարկելու միտում չե՞ք տեսնում»: Հարցին հնչեց հետևյալ պատասխանը. «Գազը այլընտրանքային էներգակիր է, և յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի, թե որ էներգիայից է օգտվում»:
Օգտատերերից մեկը հարցրել էր, թե տարօրինակ չէ՞ արդյոք, որ գազամատակարարողը Ծաղկաձորի «Մարիոթ» հոթելի սեփականատերն է, տիկինը դրանում տարօրինակ ոչ մի բան չտեսավ:
Սարդարյանին հարց էին ուղղել, թե որքան է նրա ընտանեկան միջին բյուջեն. «Ընկերության հետ աշխատում եմ պայմանագրային հարաբերություններով և իրավունք ունեմ չհրապարակել: Իմ ընտանիքի բյուջեն միջին մակարդակի ընտանիքների բյուջեից չի տարբերվում, փորձում եմ տեղավորվել` բնականաբար ունենալով նաև բաց տեղեր»:
Կարեն Թովմասյանը հարցրել էր. «Տիկին Սարդարյան, Դուք «ՀայՌուսգազարդ»-ի մամուլի խոսնակն եք և միաժամանակ նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մամուլի խոսնակն եք, որտե՞ղ է գտնվում Ձեր աշխատավայրը՝ քաղաքապետարանո՞ւմ, թե՞ «ՀայՌուսգազարդ»-ում: Պատասխանը եղավ. «Իմ հիմնական աշխատավայրը «ՀայՌուսգազարդ»-ում է, ¼-րդ դրույքով հայեցողական պաշտոն եմ զբաղեցնում քաղաքապետարանում, որը կարելի է և ստուգել»:
Ընկերության ներկայացուցչին ակտիվորեն հարցեր էր ուղղում նաև իրենց նախկին աշխատակցուհին` Սիլվա Ադամյանը, ում, ինչպես նշեց տիկին Սարդարյանը, «ՀայՌուսգազարդը» ազատել է աշխատանքից:
Վերջում օգտատերերից Արթուր Ղազարյանն իր տպավորությունն էր գրառել ասուլիսի մասին. «Այս ասուլիսը կարող եք գրանցել համաշխարհային ջուր ծեծոցիի էջերում. խոսել 1 ժամ և բառակույտի մեջ ոչ մի հարցին չպատասխանել»: