
Իրանի նախագահական ընտրությունները չեն կարող արտացոլել այդ երկրի ժողովրդի իրական ընտրությունը. Ջոն Քերի

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքները չեն կարող արտացոլել այդ երկրի ժողովրդի իրական ընտրությունը:
Ջոն Քերին Իրանի իշխանություններին քննադատել է նրա համար, որ նրանք անհասկանալի պատճառներով չթույլատրեցին ընտրություններին մասնակցել հարյուրավոր մարդկանց: Քերին ընդգծել է, որ թափանցիկության բացակայությունը կասկածի տակ է դնում այն, որ մնացյալ թեկնածուները կարող են արտահայտել Իրանի ժողովրդի կամքը:
Քերիից առաջ էլ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելն էր դժգոհություն հայտնել Իրանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Իրանում հաստատում են ստացել նախագահի միայն այն թեկնածուները, որոնք ներկայացնելու են վարչակարգի շահերը:
Չնայած նրան, որ նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրելու հայտ էր ներկայացրել գրեթե 700 մարդ, նրանցից միայն 8-ը հաստատում ստացավ, որոնցից 3-ը ռեֆորմիստներ են, իսկ 5-ը՝ պահպանողականներ: Իրանում նախագահական ընտրություններն անցկացվելու են հունիսի 14-ին: