
33-ամյա բրիտանացին ստեղծել է արագընթաց զուգարանակոնք (տեսանյութ)

Բրիտանական The Sun թերթի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի Սթեմֆորդ քաղաքի բնակիչ Քոլին Ֆերզը ստեղծել է արագընթաց զուգարանակոնք: Այն հագեցված է 140 խորանարդ սանտիմետր ծավալով շարժիչով և կարող է զարգացնել մինչև 88 կմ/ժամ արագություն:
33-ամյա Ֆերզն արագընթաց զուգարանակոնքի ստեղծման վրա ծախսել է մեկ ամիս: Նա հայտարարել է, որ գոհ է արդյունքից՝ խոստովանելով, որ դրանով երթևեկելը սարսափելի է: Նախորդ տարի էլ Ֆերզը հայտնվել էր Գինեսի ռեկորդների գրքում՝ ստեղծելով արագընթաց մանկասալյակ, որով զարգացրել էր մինչև 80 կմ/ժամ արագություն:
Ընդհանուր առմամբ, Ֆերզը երեք անգամ է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Նա ստեղծել է աշխարհի ամենաերկար մոտոցիկլետը, որի երկարությունը կազմել է 22 մետր և ունեցել է 25 տեղ: Նա իր մոտոցիկլետի վրա տեղակայել է հրցիր, ինչի համար ձերբակալվել է ոստիկանության կողմից: Բացի այդ, նա վառել է աշխարհի ամենամեծ խարույկը: