Սերգո Կարապետյան. Մեր գործարար աշխարհն էլ պետք է մի քիչ օգնի
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Ազգային Ժողովում քննարկվում էր մայիսի 12-ին տեղի ունեցած կարկտահարությունից տուժած գյուղացիներին փոխհատուցելու հարցը, որի ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին:
Նախ պատգամավորը նկատեց, թե նախարարության արագ արձագանքման հարցում մեծ դերակատարում ունեցավ գյուղացիների արագ արձագանքը, ովքեր փակել էին Երևան-Արմավիր մայրուղին: Այնուհետև Ն. Փաշինյանն անդրադարձավ նախարարի այն հայտարարությանը, թե իրենք հատուկ ուշադրություն են ցուցաբերելու կարկտահարությունից տուժած անապահով ընտանիքներին:
ՀԱԿ պատգամավորը խնդրեց մասնամասնել, թե կոնկրետ ի՞նչ օգնություն է նրանց ցուցաբերելու նախարարությունը, ինչպե՞ս նաև հետաքրքրվեց, թե կարկուտի գոտում բնակվող ուսանողներին բուհերում վարձավճարի զեղջեր կամ հետաձգումներ իրականցվելո՞ւ են, թե՞ ոչ: Նիկոլ Փաշինյանը Սերգո Կարապետյանին նաև հարցրեց՝ արդյոք իրավիճակը թեթևացնելու համար կառավարությունը քննարկո՞ւմ է այդ համայնքների ուսանողներին ուսանողական ավտոբուսներով մայրաքաղաք տեղափոխելու հարցը:
Ի պատախան Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հարցերի, Սերգո Կարապետյանն ասաց, որ սոցիալապես անապոհվ ընտանիքների հարցը քննարկվում է՝ կրկին հիշեցնելով, որ տվյալ խնդրով զբաղվող հանձնաժողով է ստեղծվել: Ինչ վերաբերում է ուսանողներին մայրաքաղաք տեղափոխելու մասին հարցին, ապա Սերգո Կարապետյանը նշեց, թե «մեր գործարար աշխարհն էլ պետք է մի քիչ օգնի»: Ըստ նրա՝ այն մարդիկ, ովքեր կօգնեն կառավարությանն այս հարցում՝ բարեգործ կգտնվեն: