Դերենիկ Դումանյան. Ոչինչ չպետք է խանգարի երեխաների անվճար բուժմանը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ Երևանի մանկական հիվանդանոցների ղեկավարների հետ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվեց մինչև յոթ տարեկան երեխաների բժշկական սպասարկման հարցը։ Նախարարը նշեց, որ այդ առնչությամբ էլեկտրոնային լրատվամիջոցներում վերջին օրերին տեղ գտած հրապարակումները խիստ մտահոգիչ են։

«Անընդունելի է, որ փորձ է արվում ստվերել մինչև այժմ շատ լավ գործող ծրագիրը։ 0-7 տարեկան երեխաների բուժսպասարկումը եղել և մնալու է պետպատվերի շրջանակներում։ Հասկանալի է, որ ձմռանն արձանագրված գրիպի բռնկման պատճառով մեր շատ բուժհաստատություններ նախատեսվածից ավելի ծառայություններ են իրականացրել։

Հասկանալի է նաև, որ Երեխայի պետական հավաստագրի ներդրման, նոր ծառայությունների կազմակերպման ու բարձր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ մեծանում է դիմելիությունը, միաժամանակ բարձրանում ծառայությունների ինքնարժեքը։ Սակայն ոչինչ չպետք է խանգարի երեխաների անվճար բուժմանը։ Ահազանգերի դեպքում շատ խիստ մոտեցում է ցուցաբերվելու»,-ասաց Դերենիկ Դումանյանը։

Նա առանձին-առանձին հետաքրքրվեց բոլոր բուժհիմնարկներում առկա վիճակով ու խնդիրներով և դրանց լուծման նպատակով նախարարության ստորաբաժանումների ղեկավարներին կոնկրետ հանձնարարականներ տվեց։ Մասնավորապես, ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալությանը հանձնարարվեց ուսումնասիրել ֆինանսական հատկացումներն` ըստ ծառայությունների, և անհրաժեշտության դեպքում վերաբաշխումներ կատարել։

Կարդացեք նաև

Մոր և մանկան առողջության պահպանման վարչությանը հանձնարարվեց ուսումնասիրել մանկական ակնաբուժական ծառայության վիճակը`  բուժհաստատություններում մատուցվող  ծառայությունների ցանկը, դրանց հզորությունները,  սարքավորումներով և մասնագետներով հագեցվածությունը և այլն։ Միաժամանակ, հանձնարարվեց   քննարկումներ կազմակերպել ստացիոնար և պոլիկլինիկական ծառայությունների ղեկավարների  հետ` ծանրաբեռնվածությունները ճիշտ բաշխելու և միմյանց հետ համագործակցելու նպատակով։

Որոշվեց խնդրին անդրադառնալ հանձնարարականների  արդյունքներն ունենալուց հետո:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Տեսանյութեր

Լրահոս