
«Հարսնաքարի» գործով դատական նիստին ներկայացել է Դիանա Նավոյանը

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը: Նիստին ներկայացած վկա Դիանա Նավոյանը դատարանում հայտարարեց, որ ինքը հայերենին չի տիրապետում և չի կարող պատասխանել հարցերին:
Դատավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ դատավարության լեզուն հայերենն է, նաև հավելեց, որ վկա Դիանա Նավոյանը նախաքննության ընթացքում հարցաքննվել է և նշել է, թե չի տիրապետում հայերենին:
«Չնայած դատարանն այնքան էլ արժանահավատ չհամարեց, որ վկան հայերեն չի հասկանում և չի կարող հարցերին հայերեն պատասխանել, այնուամենայնիվ, որոշում կայացվեց նրա հարցաքննությունն իրականացնել թարգմանչի միջոցով»,- ասաց դատավոր Դ. Հարությունյանը:
Դատարանը հայտրարարեց 10 րոպե ընդմիջում, և այժմ փորձում են պարզել՝ արդյոք հնարավո՞ր է այսօր ապահովել թարգմանչի ներկայությունը դատարանում՝ վկային հարցաքննելու համար:
Ի դեպ, դատական նիստի սկզբում Դիանա Նավոյանը հայտարարեց, որ ինքն այժմ աշխատում է գեղեցկության սրահում: