
Օդանավակայանի հին շենքը առայժմ չի քանդվի

«Օդանավակայանի հին մասնաշենքը չենք ուզում քանդել, մենք ընդամենը օդանավակայանի կառավարիչն ենք, սեփականատերը չենք: Եթե 5-10 տարի հետո օդանավակայանի ծավալները մեծացնելու ենք, ապա հին շենքը խանգարում է, բայց քաղաքապետարանն արձագանքել է, որ այս պահին նպատակահարմար չէ այն քանդելը: Մեր կողմից չկա ցանկություն քանդելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Անդրանիկ Շխյանը:
168.am-ի դիտարկմանը՝ ոսկերիչների միության նախագահը վերջերս հայտարարեց, որ «Զվարթնոցը» մերժել է շենքը իրենց տրամադրել ազատ գոտի ստեղծելու համար, Շխյանը պատասխանեց, թե նման բան չկա, ոսկերիչներին չեն մերժել և հենց հիմա էլ պատրաաստ են տրամադրել շենքը. «Մեր կողմից մերժում չի եղել: Պարզապես, հավանաբար տեսնելով, թե ինչ վիճակում է շենքը, իրենք են որոշել հրաժարվել: Այստեղ բավականին ներդրումներ են պահանջվում»: