Երիտհանրապետականներն՝ ընդդեմ Տիգրան Սարգսյանի
«Նոր» կառավարության ծրագրի քննարկումների անցած մի քանի օրերն առանձնացան ընդդիմության նկատմամբ իշխանության ագրեսիվությամբ: Ընդդիմադիր պատգամավորները, բնականաբար, քննադատեցին կառավարության ինչպես՝ նախորդ գործունեությունը, այնպես էլ՝ նոր ծրագիրը: Բայց ագրեսիայի ու, ինչպես Գալուստ Սահակյանն է ասում, թույնի չափաբաժնով հանրապետականները երբեք այսքան չէին «փայլել», որքան անցած մի քանի օրերին:
Դրա հիմնական պատճառը, թերևս, այն է, որ իշխանությունը «վայելում է» ընդդիմության՝ պառակտված, թուլացած վիճակը և սեփական ռելաքսն ապահովում է ընդդիմության հասցեին զանազան որակումներ տալով: Այդ առաքելությունը՝ ըստ ամենայնի, ոչ առանց հաճույքի, իրենց վրա ստանձնեցին հատկապես երիտասարդ հանրապետականները՝ Արմեն Աշոտյանի ու Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Իշխանությանը, ըստ ամենայնի, թվում է, թե քաղաքական ընդդիմախոսության մակարդակն այդչափ իջեցնելով, ընդդիմադիրների հասցեին վուլգարության հասնող որակումներ տալով, կարող է արժանանալ հասարակության համակրանքին: Եթե դա այդպես է, ապա իշխանությունը մոլորության մեջ է, քանի որ երիտհանրապետական քննադատությունը կարող է լրիվ հակառակ էֆեկտն ունենալ:
Բայց տվյալ դեպքում՝ հետաքրքիր է մեկ այլ հանգամանք, որը կարող է վկայել կամ իշխանության երկատվածության, կամ ինչ-որ «դերաբաշխման» մասին, որի նպատակները դեռևս տեսանելի չեն: Խոսքն այն մասին է, որ անցած մի քանի օրերին՝ անարգանքի սյունին գամելով ընդդիմությանը, հանրապետական պատգամավորներն ու նախարարները գործում էին ոչ միայն ու ոչ այնքան ընդդիմության, որքան… սեփական վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ: Վերջինս կառավարության ծրագրի ներկայացման առաջին իսկ օրվանից հանդես է գալիս միանգամայն նոր ոճով, որը պայմանականորեն կարելի է անվանել «բարեկամական»:
Տիգրան Սարգսյանը մի քանի օր շարունակ խոսում է հանդուրժողականության, ընդդիմախոսներին լսելու, համագործակցելու և այլ վեհ երևույթների անհրաժեշտության մասին: Անգամ այսօրվա եզրափակիչ ելույթում Տիգրան Սարգսյանն այսպիսի հայտարարություն է արել. «համար մեկ դասը, որ ես ինձ համար քաղել եմ՝ հետևյալն է. իշխանությունը պարտավոր է լսել ընդդիմությանը՝ նույնիսկ, եթե այդ ընդդիմությունը պառակտված է, փոքրաթիվ և թույլ: Դա իշխանության պարտավորությունն է, որովհետև ընդդիմությունն առաջ է քաշում գաղափարներ, որոնք օգտակար կարող են լինել: Մեր պարտավորությունն է՝ տեսնել գլխավորը, միևնույն ժամանակ, գլխավորի շուրջ համախմբվել: Երկրորդայինի մեջ, այո, պետք է լինել ազատ, պետք է մեզ քննադատեն», «Երկրորդ դասը, որ ինձ համար քաղել եմ՝ հետևյալն է. առանց ուժեղ ընդդիմության՝ չի կարող լինել ուժեղ պետություն, քանի որ ուժեղ ընդդիմություն, առաջին հերթին, նշանակում է՝ այլընտրանք:
Ընդդիմությունը պետք է նայի դեպի ապագան և առաջարկի ծրագրեր, եթե համաձայն չէ մեր ծրագրերի հետ: Դա նշանակում է՝ բանավեճ՝ ապագայի նկատմամբ: Մենք բոլորս կշահենք դրանից», «Հինգերորդ իմ համոզմունքը և դասը, որ քաղել եմ, կայանում է հետևյալում. առանց համագործակցության չի կարող իրականացվել ոչ մի տեսլական: Բայց, միևնույն ժամանակ, համաձայն եմ իմ գործընկերների հետ, որ համագործակցությունը չի կարող պարտադրվել»:
Տիգրան Սարգսյանի այսօրինակ հայտարարությունների օրինակները կարելի է շարունակել: Բայց խնդիրը ոչ թե նրա հռետորաբանական ունակությունների բացահայտումն է, այլ այն, որ փաստորեն Տիգրան Սարգսյանի թիմի անդամներն իրենց հակաընդդիմադիր ելույթներով «սխալ էին հանում» սեփական վարչապետին:
Ստացվում է, որ Տիգրան Սարգսյանը համագործակցության, միասին աշխատելու, իրար լսելու կոչ է անում այն ուժերին, որոնց, ասենք, Արմեն Աշոտյանը, համեմատում է 90-ականների ինչ-որ ռաբիս խմբի հետ, իսկ Էդուարդ Շարմազանովը՝ բարոյականության դասեր է տալիս: Այստեղ կարող է լինել երկու բացատրություն: Կամ իշխանության որոշակի հատվածին դուր չի գալիս Տիգրան Սարգսյանի այս գործելաոճը, և երիտհանրապետականների միջոցով փորձում են նրան ծիծաղելի վիճակի մեջ դնել, կամ սա նախապես մտածված սցենար է, որի նպատակն է՝ Տիգրան Սարգսյանի նոր «բարի իմիջի» կերտումը, ինչի համար անհրաժեշտ է, որ նա շահեկանորեն տարբերվի կուսակցության գորշ, ավելի ճիշտ, գաղջ դեմքերի ֆոնին: