Բաժիններ՝

Նվազագույն աշխատավարձը պետք է ավելի լուրջ բարձրացվի. Հրանտ Բագրատյան

Այս տարվա հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 35 հազ. դրամից 45 հազ. դրամ սահմանելու՝ ՀՀ կառավարության որոշումը նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի կարծիքով բոլոր դեպքերում դրական է, բայց՝ քիչ: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Հ. Բագրատյանը, եթե ճիշտ են տնտեսության աճի վերաբերյալ հաղորդումները կամ սպասելիքները, ապա նվազագույն աշխատավարձի ավելի լուրջ բարձրացումը ավելի ճիշտ կլիներ:

«Խնդիրն այստեղ պոպուլիզմը չէ, կամ ինչ-որ մեկին փող տալը, այստեղ ստվերի լրջագույն կրճատման մասին է խոսքը»,- ասաց Հ. Բագրատյանը:

Նա չհամաձայնեց գործարարների հնչեցրած տեսակետին, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը կհարվածի փոքր ու միջին բիզնեսին: Պատգամավորի խոսքով՝ վիճակագրությունն ասում է այն մասին, որ նվազագույն աշխատավարձն այնքան փոքր է, որ բիզնեսին գրեթե չի խանգարի: Հնարավոր են մի քանի առանձին դեպքեր։

Թե որտեղից է կառավարությունը գումար գտնելու և ինչու է հիմա սեփական նախաձեռնությամբ նվազագույն աշխատավարձ բարձրացնում, երբ ոչ վաղ անցյալում մերժել էր թե´ Հրանտ Բագրատյանի, թե´ ՀՅԴ նույնանման առաջարկները, պատգամավորը պատասխանեց. «Նախկինում մերժում էին, հիմա անում են, բայց անում են ավելի քիչ չափով: Որտեղից են գումար գտնում՝ չեմ կարող ասել: Ավելի շուտ հարցը պետք է ուղղել ֆինանսների նախարարությանը»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ 2012 թ. նոյեմբերին ՀՀ կառավարությունը մերժեց Հրանտ Բագրատյանի առաջարկը՝ նվազագույն աշխատավարձը այն ժամանակ առկա 32,500 դրամից հասցնել 72,500 դրամի: Որպես հիմնավորում նշվեց, թե նվազագույն աշխատավարձի՝ 100 % բարձրացում անմիջապես իրականացնելը կստեղծի տնտեսական խոչընդոտներ, ավելի կվատթարացնի իրավիճակը, ծանր բեռ կլինի պետբյուջեի վրա, կհանգեցնի ավելի մեծ ստվերայնության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս