
Apple iWatch «խելացի» ժամացույցների փորձնական տարբերակն արդեն արտադրությունում է

Apple ընկերության «խելացի» iWatch ժամացույցները կունենան 1.5 դյույմանոց էկրան, հայտնում է Macotakara ճապոնական բլոգը՝ նշելով, որ Apple ընկերությունը սկզբում դիտարկել է օգտագործել 1.8 դյույմանոց էկրան, որը, սակայն, հետագայում համարել է չափազանց մեծ:
Ժամացույցը կունենա OLED ճկուն էկրան: Մինչ օրս այդ տեխնոլոգիան չի կիրառվել Apple-ի և ոչ մի սարքավորման մեջ:
Նշվում է, որ «խելացի» ժամացույցների համար էկրաններ կարտադրի թայվանական RiTdisplay ընկերությունը: Այդ ընկերությունը տիրապետում է տեխնոլոգիային, որը թույլ է տալիս հասնել մոդելի համար ցանկալի հաստության՝ դարձնելով այն որքան հնարավոր է բարակ:
Հաղորդվում է նաև, որ Foxconn ընկերությունը պարտավորվել է արտադրել iWatch-ի փորձնական խմբաքանակը՝ ոչ ավելի, քան 1000 օրինակ: Foxconn-ը Apple ընկերության կարևորագույն գործընկերներից մեկն է, որը պատրաստել է ընկերության համար iPhone, iPad և այլ էլեկտրոնային սարքեր:
ChangeWave Research ընկերության վերջերս կատարած հետազոտության համաձայն՝ սպառողների 19%-ը հետաքրքրված է Apple-ի «խելացի» ժամացույցների գնմամբ: Հետաքրքրությունն այս նորույթի նկատմամբ մի փոքր ավելի է, քան iPad-ի նկատմամբ էր, որը ներկայացվել էր 2010թվականի հունվարին:
Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ հաղորդել էր 168.am-ը, «խելացի» ժամացույցների արտադրությամբ հետաքրքրված է ոչ միայն Apple ընկերությունը, այլ նաև մի շարք այլ տեխնոլոգիական ոլորտի հսկաներ, ինչպիսին է Samsung_ը , Google-ը , Microsoft-ը:
Juniper Research ընկերության կանխատեսմամբ, 2017 թվականին նման սարքավորումների վաճառքներն ամբողջ աշխարհում կկազմեն 70 մլն միավոր: Համեմատության համար նշվում է, որ դրանց վաճառքը 2013-ին կկազմի 15 միլիոն: