Գյուղացիներին աջակցության հարցը կքննարկվի կառավարության նիստում
Կարկտահարությունից տուժած գյուղացիներին աջակցության հարցը, հավանաբար, կքննարկվի կառավարության առաջիկա նիստում: Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, ներկայումս ամփոփվում են կարկտահարության հասցրած վնասները, ճշգրտվում են գյուղացիների վերցրած վարկերի ծավալներն՝ ըստ բանկերի:
«Վաղը-մյուս օրը կվերջացնեն, կներկայացնեն կառավարություն: Կախված վարկերի քանակից ու ծավալից՝ կորոշեն, թե ինչ միջոցներ կձեռնարկեն, խնդիրը պետք է քննարկվի նաև համապատասխան կառույցների ղեկավարների հետ: Որևէ մեկը բանկերի փոխարեն չի կարող որոշում կայացնել: Բանկերը մասնավոր ընկերություններ են, և որևէ մեկը չի կարող պարտադրել ու շրջանակների մեջ դնել նրանց: Պետք է խնդիրը քննարկվի, բանակցություններ տարվեն ու հնարավոր լուծումներ գտնվեն»,- ասաց Գ.Պետրոսյանը:
Փոխանախարարը նշեց, որ տուժած գյուղացիները հիմնականում «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի վարկառուներն են: Նա դժվարացավ նշել, թե ընդհանուր որքան գումարի մասին է խոսքը. «Գյուղացի կա՝ 3 մլն դրամ է վարկ վերցրել, կա՝ 500 հազ., 400 հազ. դրամ է վարկ վերցրել: Դա կախված է նրանից, թե ինչով է զբաղվում տվյալ գյուղացին: Բնականաբար, խաղողագործությամբ զբաղվողներն ավելի լուրջ ներդրումներ և ծախսեր են կատարում, և, բնականաբար, նրանք ավելի մեծ ներդրում են անում: Կախված է մշակաբույսից»:
Գ.Պետրոսյանի խոսքով՝ կարկտահարությունից տուժածների շարքում կան նաև խոշոր տնտեսություններ, բայց կառավարությունն առաջնահերթ աջակցելու է միջին և փոքր գյուղացիական տնտեսություններին, քանի որ եղած փոքր հնարավորությունները խոշորներին ուղղելը ճիշտ չի լինի. «Պետք է շեշտը դրվի այն տնտեսությունների վրա, որոնք ապրուստի միջոցներ չունեն»: