Բաժիններ՝

Որոշ տաքսի ծառայություններ արդեն թանկացրել են ուղեվարձը

Գազի գինը պաշտոնապես դեռ չի բարձրացել, սակայն Երևանում որոշ տաքսի ծառայություններ արդեն թանկացրել են գները: Այսօր տաքսու վարորդներից մի քանիսը 168.am-ին հայտնեցին, որ նվազագույն ուղեվարձը 600 դրամից դարձել է 800 դրամ: Հարցին՝ գազը դեռ չի թանկացել, ինչո՞ւ են տաքսիները «շտապում», վարորդները պատասխանեցին, որ գազալցակայաններում միավոր գազի գինը թեև չի բարձրացել, սակայն նախկինի համեմատ այժմ ավելի քիչ խտության գազ են լիցքավորում:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից մեզ հայտնեցին, որ ԱԳԼՃԿ-ները շատ են, այս ոլորտում գերիշխող դիրք ունեցող ընկերություն չկա և այն ՏՄՊՊՀ վերահսկողությունից դուրս է գտնվում, առավել ևս որ գնային փոփոխություն չկա:

Գազալցակայններում գազի որակ և խտության խնդիրները գտնվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության լիազորությունների շրջանակում: Տեսչությունից մեզ փոխանցեցին, որ իրենց ստուգումներն իրականացվում են ըստ նախապես հաստատված տարեկան ծրագրի՝ տարեկան 1 անգամ: Ամեն դեպքում, ըստ  տեսչության ներկայացուցչի, գազի խտության հարցը վաղուց է արծարծվում և խաբված լինելուց խուսափելու համար հարկավոր է մեքենաները լիցքավորել այն գազալցակայններում, որտեղ տեղադրված են չափիչ սարքեր:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս