Բաժիններ՝

Աշոտ Կարապետյան. Ոստիկանապետից հանձնարարական ունեմ, որ պետք է համբերատար լինենք

Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը պատասխանել է «Առաջին լրատվականի» հարցերին:

 – Պարոն Կարապետյան, գիտեմ, որ 23-ամյա Մարիամ Հունանյանի սպանության գործի բացահայտումը եղել է Ձեր անմիջական հսկողության ներքո: Հասարակության շրջանում այդ դեպքը մեծ արձագանք գտավ, մեծ հետաքրքրություն առաջացրեց: Առանձնահատուկ դժվարություն կա՞ր գործի բացահայտման համար:

 Որպես Երևանի ոստիկանության պետ՝ ցանկացած առանձնապես ծանր հանցագործության դեպք ես միանշանակ վերցնում եմ իմ հսկողության տակ: Որպես առանձնակի դաժանությամբ սպանություն՝ արտառոց էր, ուստի ամենօրյա հետևողական աշխատանք է իրականացվել, եղել են ամենօրյա քննարկումներ, լայնածավալ աշխատանքների արդյունքում այն կարճ ժամանակում բացահայտվեց: Աղջիկը շատերի հետ էր առնչություն ունեցել, դրա համար սպանության բացահայտումը լայնածավալ աշխատանք էր պահանջում: Մոբիլիզացիայի, ոստիկանության առանձին ստորաբաժանումների համագործակցության արդյունքում բացահայտվեց դաժանաբար կատարված սպանությունը:

– Հնարավո՞ր է հասարակական մեծ ուշադրությունն էր գործի արագ բացահայտման պատճառը:

– Մենք՝ ոստիկաններս, ցանկացած հանցագործության պարագայում, անկախ  հնչեղության աստիճանից, պարտավոր ենք հետևողական լինել և բացահայտել: Իսկ հասարակությունն ինքը կգնահատի՝ ոստիկանության բարեփոխումների պայմաններում դրական աշխատանք առկա՞ է, թե՞ ոչ: Ինձ թվում է՝ աշխատանքը առկա է, և հետևողականության արդյունքում այսօր այս դեպքը բացահայտվել է:

– Որպես Երևանի ոստիկանապետ՝ կարո՞ղ եք վստահ ասել, որ գործն ամբողջությամբ բացահայտվել է:

– Ընդհանրապես նախաքննության ավարտով է որոշվում, իսկ վերջնական վճիռն արձակում է դատարանը, բայց մինչ այդ՝ օպերատիվ առումով կարող եմ ասել, որ գլխավոր կետերը  հանցագործության լիարժեք բացահայտման համար առկա են, որի շրջանակներում էլ նախաքննությունը կավարտվի, և դատարանը վճիռ կարձակի:

– Դուք երեկ բողոքի ակցիայի մասնակցեցիք, որտեղ մեկ անգամ ևս պարզ դարձավ, որ ոստիկանի նկատմամբ  չկա վստահություն: Ինչո՞վ եք դա պայմանավորում:

– Ես հասարակության պաշտպանն եմ՝ անկախ նրա հնչեցրած մեղադրանքներից: Ցանկացած քաղաքացի, եթե որևէ մեղադրանք է հասցնում ոստիկանության հասցեին, միևնույն է, եթե անպաշտպան լինի, մենք պարտավոր ենք պաշտպանել:

– Ոստիկանների քանի՞ տոկոսն է իր համար նման առաջնահերթություն մշակել: Շատերը անգամ իրենց համազգեստից են ամաչում, շատերն են մեզ հետ զրույցում նշել այդ մասին:

– Ես՝ որպես Երևան քաղաքի ոստիկանապետ, ոստիկանապետից հանձնարարական ունեմ, որ պետք է համբերատար լինենք, պետք է լինենք պաշտպան՝ անկախ նրա դեմքից, դիրքից, քաղաքական հայացքներից: Դրա համար ես չեմ կարող ասել՝ իրենք ինչու են այդպես ասում, իրենց հետ երկարատև աշխատանք է պետք իրականացնել:

– Դուք նշեցիք, որ ոստիկանապետն ինքն է դրել ոստիկանության իմիջի բարձրացման, բարեփոխման խնդիր: Մեկուկես ամսվա ընթացքում ի՞նչ եք հասցրել անել՝ բացի այս սպանության բացահայտումից, քանի որ այն բացահայտվեց, որովհետև այստեղ չէին բախվում օլիգարխի կամ որևէ այլ բարձրաստիճան պաշտոնյայի շահերը:

– Լինի օլիգարխ, թե շարքային  քաղաքացի, ինձ համար միևնույն է, ես  իմ  գործառույթներն եմ  կատարում՝ օրենքի պաշտպանություն, որ մեր քաղաքացին պաշտպանված լինի և ինձ համար նշանակություն չունի՝ նա ինչ սեռի մարդ է, ինձ համար բոլոր տուժողները համահավասար են, միասեռ են: Այս տուժողը չքավոր, օրվա հացով ապրող, սովորական շարքային քաղաքացի էր, բայց մենք մեր բոլոր ուժերը ներդրեցինք, որպեսզի բացահայտենք սպանությունը: Եվ բոլոր դեպքերն էլ, հավաստիացնում եմ, որ այդպես է լինելու: Մենք պարտավոր ենք տուժողի հետ կապված աշխատանքներում բավարարել, որ նա անպաշտպան չզգա իրեն, մենք հենց կոչված ենք իրականացնել աշխատանք, որտեղ ոչ մի տարբերություն չի լինի քաղաքացու տեսակի մեջ, մեզ համար բոլորը միատեսակ են, մեր երկրի քաղաքացիներն են, և մենք պարտավոր ենք իրենց շահերը պաշտպանելու, անկախ նրանից՝ մարդը ինձ անձնական վիրավորա՞նք է հասցրել, թե՞ ոչ. եթե ինքը վաղը խնդիր ունենա, ես պարտավոր եմ աջակցել, դա է իմ մասնագիտությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս