Տիգրան Սարգսյանը՝ Հրանտ Բագրատյանին. Մեր տկար ունակությունները պատրաստ ենք լրացնել Ձեր օժանդակությամբ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը կարծում է, որ Կառավարությունը շփոթեցնում է հասարակությանը, երբ հավաստիացնում է, թե Հայաստանն ամենաէժան գազն է ստանում: Այսօր ԱԺ նիստի ընթացքում Հրանտ Բագրատյանը՝ դիմելով վարչապետ Տիգրան Սարգսյանին, ասաց. «Ձեզ հանգիստ ձևով ասվում է` նայեք գազի վերջնական գինը, ներսահմանային բաղադրիչն այնքան է, որքան գազի գինը, ուղղորդելով մարդկանց սահմանային գազի գնին` խառնաշփոթ եք մտցնում: Եթե ՀՀ կառավարությունն ու Հանրապետական կուսակցությունը չխառնվեն գազի գնի գոյացմանը, գազի գինը կէժանանա»:

Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Մեր տկար ունակությունները պատրաստ ենք լրացնել Ձեր օժանդակությամբ: Մեր մասնագետները մանրակրկիտ կներկայացնեն Ձեզ հաշվետվություն, թե ինչպե՞ս է գոյանում գինը: Այդ դեպքում, եթե Դուք այնտեղ բացթողումներ կտեսնեք՝ հանձնաժողովը պարտավոր է ու հաշվի կառնի դրանք: Այս պահին ամենաէժան գինը Ռուսաստանից ստանում է Բելոռուսը: Մենք մեր բանակցությունների հիմքում սա է` գտնել մեխանիզմներ, թե ինչպե՞ս կարող է Հայաստանն աջակցություն ստանալ, որպեսզի արտահանման համար նախատեսվող 30 տոկոս տուրքը չգործի»: Վարչապետ նաև նշեց, թե հենց բանակցություններն ավարտվեն, իրենք կտեղեկացնեն մարդկանց արդյունքների մասին:

Հ. Բագրատյանը հակադարձեց՝ ասելով. «Դուք պարզապես ճիշտ չեք ասում ԱԺ-ին: Երկար-բարակ խոսելու փոխարեն, եթե փորձեիք հանրապետության որևէ բնակավայրում, ասենք, Երևանում ձևակերպել կոոպերացիա, արդյունքում, անկախ ամեն ինչից, 30 տոկոս կէժանանա գազի գինը»:

Տիգրան Սարգսյանն էլ ասաց, թե իրենց առաջարկվել է 189 դոլար, որն, ըստ ՌԴ «Գազպրոմ» ընկերության, ամենաէժան գինն է: «Ինչ վերաբերում է բնակչության համար բնական գազի սակագներին, կան երկրներ, որտեղ այդ գինը ցածր է, սակայն կան նաև այնպիսիք, որտեղ ավելին է: Մենք տիրապետում ենք այն տեղեկատվությանը, թե որ երկրում ինչ գտնով է սպառողին գազ մատակարարվում: Իսկ կոոպերացիա ստեղծելու առումով, ես կհանձնարարեմ էներգետիկայի և բնական պաշարերի նախարարությանը, որպեսզի Ձեզ հետ այդ հարցը քննարկեն»,- ասաց Տ. Սարգսյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս