Բաժիններ՝

Վկան՝ Վարդան Սեդրակյանին. «Դե լավ, Դուք չեք պատվիրել, բա ո՞վ է պատվիրել»

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին շարունակվում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով դատավարությունը:

Դատական նիստի ընթացքում նախագահող Գագիկ Պողոսյանը հարց ուղղեց գործով երեք մեղադրյալներին՝ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին, Խաչատուր Պողոսյանին և Սամվել Հարությունյանին՝ արդյոք նրանք ընդունո՞ւմ են իրենց մեղքը:

Վարդան Սեդրակյանն ասաց, որ ինքը բացարձակապես չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը: Նաև նշեց, թե ինքը այդ կրակոցների մասին տեղեկացել է հեռուստատեսությունից և բացարձակապես կապ չունի այդ գործի հետ:

Սեդրակյանը նաև հայտարարեց, թե իր համար անհասկանալի է այն հանգամանքը, թե ինչպես են երկու մեղադրյալները նշում, որ ինքն է հրահանգել վախեցնել Պարույր Հայրիկյանին, սակայն իրեն մեղադրանք է առաջադրվել Պ. Հայրիկյանի սպանությունը կատարելու համար:

Կարդացեք նաև

Ամբաստանյալ Խ. Պողոսյանն էլ նշեց, որ մասնակիորեն է ընդունում իր մեղքը, այն է՝ ապօրինի զենք ունենալու համար:

Սամվել Հարությունյանն էլ ասաց, որ ինքն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Դատական նիստի ընթացքում գործող մեղադրյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը միջնորդեց, որ գործով տուժող Պարույր Հայրիկյանը ներկայանա դատական բոլոր նիստերին: Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Պարույր Հայրիկյանը երկու օր առաջ ժամանել է Հայաստան, սակայն, արտասահմանում վիրահատվելուց հետո այժմ բուժզննություն է անցնում «Կարմիր Խաչ»-ում:

Գործող նախագահող դատավոր Գագիիկ Պողոսյանը տուժողի ներկայացուցչի միջնորդությունը բավարարեց մասնակիորեն` նշելով, որ տուժողը դատարան կհրավիրվի ցուցմունքներ տալու համար: Հաջորդ դատական նիստի ընթացքում Պարույր Հայրիկյանը պետք է ներկայանա դատարան, իսկ եթե դա հնարավոր չլինի՝ նրա առողջական վիճակով պայմանավորված, ապա դատարան պետք է ներկայացվի համապատասխան բժշկական փաստաթուղթ: Դատական նիստի ընթացքում հարցաքննվեց գործով վկա Կարինե Էլչյանը, ով գործով մեղադրյալ Խ. Պողոսյանի զոքանչն է:

Վերջինս նշեց, որ Խաչատուր Պողոսյանը «ինքն իրենով» նման բան անել չէր կարող: Նա նշեց, որ եթե նույնիսկ Խաչատուր Պողոսյանը նման արարք է արել, ապա դա եղել ինչ-որ մեկի ազդեցությամբ կամ էլ նրան ստիպել են: Կարինե էլչյանն ասաց, որ ինքը չի իմացել, որ իր փեսան տարիներ շարունակ իր տանը զենք է պահել:

Ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է վկան ենթադրում, որ եթե սպանության փորձ է եղել, ապա ինքն է ստիպել կամ դրդել նման քայլ կատարելու: Ի պատասխան՝ վկան նշեց, որ ինքը նման ենթադրություն է արել Վարդան Սեդրակյանի նախընտրական շրջանում ունեցած ելույթներից և արված արտահայտություններից: Երբ Վ. Սեդրակյանը վկայից հետաքրքրվեց, թե ի՞նչ փաստերի հիմքում է Կ. Էլչյանը ենթադրում, որ ինքն է եղել պատվիրատուն, վկան պատասխանեց. «Դե լավ, Դուք չեք պատվիրել, բա ո՞վ է պատվիրել»:

Վկան նաև հարց ուղղեց դատարանին` ինչո՞ւ է անընդհատ հայտարարվում, որ իր փեսան ՀՀ-ում ոչ լեգալ է բնակվում, ապա հավելեց, որ նա ՀՀ քաղաքացի է և գրանցում ունի:
Դատական նիստը այժմ ընդմիջվել է: Կարգադրիչները այժմ դատարանում փնտրում են գործով վկաներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս