Տիգրան Սարգսյանի ելույթը՝ Ազգային ժողովում
Այսօր ԱԺ-ում մեկնարկած քառօրիա նիստի ընթացքում ներկայացվեց ՀՀ կառավարության նոր ծրագիրը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նախ նշեց, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր ծրագիրը: Տիգրան Սարգսյանը նշեց. «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետական Կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված` նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները:
Մեր երկրում ավարտվեց բավականին երկար ընտրական շրջանը: Այս ընթացքում մեզ հաջողվեց ոչ միայն հնարավորին չափ հեռու պահել տնտեսական գործընթացները ընթացող քաղաքական բանավեճի հավանական բացասական ազդեցությունից, այլև առաջընթաց գրանցել թե՛ տնտեսական զարգացման, թե՛ քաղաքական բանավեճի կատարելագործման ուղղություններով: Եվ երիցս ճիշտ է հանրապետության նախագահը՝ շեշտելով, որ «այժմ մեզ սպասում է 2008 թվականից ի վեր ամենաբարենպաստ ժամանակահատվածը՝ ամբողջովին նվիրվելու մեր աշխատանքին, անմնացորդ և հետևողականորեն աշխատելու, մարդկանց հոգսերը լուծելու և արդյունքում ավելի ապահով Հայաստան կերտելու»:
Հարգելի գործընկերներ,
Վերջին տարիների ընթացքում փոխվել է աշխարհը և մենք։ Մենք ապրում ենք բարդ և արագ փոփոխությունների ժամանակաշրջանում: Իրականությունը լի է անակնկալներով և հաճախ, մեր կամքին հակառակ, փոփոխություններ է մտցնում և սրբագրում մեր ծրագրերն ու նախաձեռնությունները: Ժամանակակից աշխարհի ամենաորոշակի բնութագրիչը անորոշությունն է, իսկ ամենակայուն գնահատականը՝ անկայունությունը։
Սակայն դա չի նշանակում, որ մենք շեղվելու ենք մեր նպատակներից և հետամուտ չենք լինելու մեր կողմից նախատեսված ծրագրերի իրականացմանը։ Ուղղակի մենք պարտավոր ենք առկա իրողություններին համահունչ արդիականացնել մեր գործիքակազմը, նոր լիցք հաղորդել ազգային կարողություններին՝ նախանշված նպատակներին հասնելու համար։
Մեր քաղաքական թիմի ընդդիմախոսները, այդ թվում և ոչ հեռու անցյալում մեր գործընկերները, մեզ վերագրում են բազմաթիվ մեղքեր՝ պիտակավորելով մեր ծրագրերը: Հարկ չեմ համարում անդրադառնալ այդ մեղադրանքներին, սակայն ակնհայտ է, որ մենք չենք զբաղվել ամբոխահաճո նախաձեռնություններով:
Քննադատությունը երբեմն եղել է արդարացի, երբեմն պոպուլիզմով լի: Սակայն համաձայնվեք, որ մենք եղել ենք բաց, ինքներս ենք բացահայտել խնդիրները, չենք խուսափել հրապարակային խոսել մեր բացթողումների և թերությունների մասին և այսօր հստակ և առավել լավ ենք պատկերացնում այն իրականությունը, որում ապրում ենք:
Իրականություն, որի բացասական դրսևորումների հետ սակայն չենք հաշտվում և չենք հաշտվելու:
Մենք քաջատեղյակ ենք այն հիմնախնդիրներին, որոնք այսօր դեռևս առկա են և մտահոգում են յուրաքանչյուրիս. գործազրկություն, արտագաղթ, աղքատություն, կոռուպցիա, անհավասար մրցակցային պայմաններ:
Ձեզանից շատերն այժմ կհարցնեն, թե կառավարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկել և ի՞նչ է ձեռնարկելու թվարկված և բազմաթիվ այլ խնդիրները լուծելու համար:
1. ԱՌԱՋԻՆ: Անցնող տարիներին մենք ջանքեր գործադրեցինք հաղթահարելու տնտեսական համակարգի խոցելիությունը` այն է ցածր դիվերսիֆիակացիայի մակարդակը: Եվ այսօր ունենք ավելի բարենապաստ հիմքեր շարունակական տնտեսական աճ ապահովելու համար: Առաջին անգամ պետությունը հանդես եկավ արդյունաբերական քաղաքականության նախաձեռնությամբ՝ բացահայտելով և օգտագործելով առկա ներուժը, տրամադրելով մասնավոր հատվածին պետական գործիքներից օգտվելու հավասար հնարավորություն, ինչը պետություն-մասնավոր համագործակցության շնորհիվ արդեն տալիս է շոշափելի արդյունքներ:
2. ԵՐԿՐՈՐԴ: Մենք կանգնեցինք գյուղացու կողքին և հետևողականորեն օժանդակում ենք նրան՝ տրամադրելով մատչելի սերմնացու, վառելիք, պարարտանյութեր, ինչը ոլորտում ապահովում է աճ և նոր աշխատատեղեր: Օժանդակում ենք գյուղատնտեսական կոոպերացիաների ձևավորմանը, խթանում նոր շուկաների ենթակառուցվածքների ստեղծումը՝ արտահանման ծավալները մեծացնելու համար: Շուտով կսկսենք գյուղատնտեսության համատարած հաշվառումը, որը հնարավորություն կտա բացահայտել ոլորտում առկա ներուժը և խնդիրները, որի հիման վրա կմշակենք հասցեական աջակցության ծրագրեր:
3. ԵՐՐՈՐԴ: Սոցիալական ոլորտում բացահայտեցինք կոռուպցիոն երևույթներ, որոնք հսկայական վնաս էին պատճառում պետությանը: Խնայած միջոցներով ավելացրեցինք կենսաթոշակները և սոցիալական նպաստները: Ստեղծեցինք հիմքեր սոցիալական ինտեգրված ծառայության համակարգի ներդրման համար, որի օգնությամբ սոցիալական խոցելի խմբերին տրվող օժանդակությունը լինելու է առարկայական և առանձնահատուկ վերաբերմունքով:
Մարզկենտրոններում ներդնում ենք մեկ պատուհանի սկզբունքով աշխատող սոցիալական ծառայությունների գրասենյակներ, որոնք առավել արդյունավետ օժանդակություն կցուցաբերեն խոցելի խմբերին: Միևնույն ժամանակ ներդնում ենք սոցիալական ծառայողի ինստիտուտը: Սկսել և շարունակելու ենք աղքատություն ծնող պատճառների վերացումը՝ կրթության և աշխատանքի մատչելիության ապահովմամբ:
4. ՉՈՐՐՈՐԴ: Բարեփոխումներ իրականացրեցինք կառավարման ոլորտում: Ներդնելով էլեկտրոնային կառավարման համակարգ, որն ապահովում է պետության կողմից մատուցվող ծառայությունների մատչելիությունն ու հասանելիությունը, ինչպես նաև պետական մարմինների թափանցիկությունը, նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը և մեծացնում ներքին վերահսկողության արդյունավետությունը: Մի քանի անգամ կրճատեցինք ստուգումների քանակը, ներդրեցինք էլեկտրոնային հաշվետվությունների մեխանիզմ: Սոցիալական փաթեթ ծրագրից, այսօր հնարավարություն ունեն օգտվելու 150. 000 պետական ծառայողներ և նրանց ընտանիքի անդամները:
5. ՀԻՆԳԵՐՈՐԴ: Ենթակառուցվածքներում իրականացրել ենք համակարգաստեղծ մասշտաբային ծրագրեր, հինգ տարվա ընթացքում կառուցել և վերանորոգել ենք աննախադեպ ծավալների ճանապարհներ: Հեռավոր համայնքներում հասանելի ենք դարձրել հեռախոսակապը, համացանցը, խմելու ջուրը: Շիրակի և Լոռու մարզերում իրականացրել ենք մեծածավալ բնակարանաշինական ծրագրեր: Շարունակում ենք դպրոցաշինական, ամբուլատոր կլինիկաների կառուցման և հիվանդանոցների վերանորոգման ու վերազինման աշխատանքները:
6. ՎԵՑԵՐՈՐԴ: Քաղաքացիական հասարակության ձևավորման գործում հանրապետությունում արձանագրվել է լրջագույն առաջընթաց: Խոսքի և մամուլի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքական ազատությունների ցուցանիշներով առաջատար դիրքեր ենք զբաղեցնում տարածաշրջանում: Հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում բարձրացված մի շարք խնդիրներ ստացել են դրական լուծումներ: Մեր քաղաքական դիրքորոշումն է՝ հասարակական կազմակերպությունները պետք է լայնորեն ներգրավված լինեն երկրի առջև ծառացած խնդիրների լուծման գործում:
7. ՅՈԹԵՐՈՐԴ: Պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունները դարձրել ենք առավել մատչելի: Մեր քաղաքացիները առաջին հերթին մատնանշում են հետևյալ ոլորտների դրական զարգացումները: Ինտերնետ ծառայությունների գների կտրուկ նվազում, որակի բարձրացում: Պարզեցված, արագ և քիչ ծախսատար ծառայություններ պետական կադաստրում: Ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրության գործուն համակարգ: ԱՊՊԱ-ն որը ներդրման պահին միանշանակորեն չէր ընդունվում, այսօր արժանացել է մեր ժողովրդի վստահությանը: Բիզնես իրականացնելու հեշտացված և րոպեների ընթացքում գրանցման հնարավորություն: Էլեկտրոնային ստորագրությունների և հաշվետվությունների ներդրման միջոցով հարկային վարչարարության բեռի էական թեթևացում: Այս և մի շարք այլ միջոցառումների արդյունքում դուինգ բիզնեսի համաշխարհային աղյուսակում Հայաստանի Հանրապետությունը դիրքերը բարելավվեցին 18 կետով և մենք զբաղեցնում ենք 32-րդ տեղը:
Մենք նաև քաջ գիտակցում ենք, որ բազմաթիվ բարեփոխումներ, որ սկսել ենք, դեռևս չեն տվել շոշափելի արդյունքներ քաղաքացիների համար։
Ձեր դատին ներկայացված ծրագիրը մշակելիս մենք այցելել ենք բազմաթիվ համայնքներ, հանդիպել հազարավոր մարդկանց, լսել նրանց հուզող հարցերը:
Մասնավորապես, ինչ էր ակնկալում պետությունից Վանաձորի մանկավարժական համալսարանի ուսանող Արմեն Հարությունյանը: Առաջին հերթին, ստացած մասնագիտությանը համապատասխան աշխատանք, մատչելի բնակարան, ավտոմեքենա: Մի խոսքով պայմաններ ընտանիք ստեղծելու և հայրենիքում արժանապատիվ ապրելու համար:
Ինչ է նախատեսում անել պետությունը Արմենի և նրան նման հազարավոր երիտասարդների համար:
• կրթության բարեփոխումների շրջանակում ապահովվելու է ձեռնարկությունների և կրթական հաստատությունների ուղղակի կապը, որը հնարավորություն կընձեռի պատրաստել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ մասնագետներ,
• իրականացվում է և շարունակելու է իրականացվել «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագիրը,
• անցյալ տարի էլ մեկնարկեց «Մատչելի ավտոմեքենա երիտասարդներին» ծրագիրը
Ինչ էր ակնկալում պետությունից Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի թոշակառու Ալվարդ Շահինյանը:
Բարձր թոշակ, որակյալ բուժօգնություն, տարիների ընթացքում կուտակած և Խնայբանկում ներդրած ավանդի վերադարձ:
Ինչ է նախատեսվում անել թոշակառուների համար՝
• կենսաթոշակների ավելացում,
• յուրաքանչյուր համայնքում առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովում, ինչպես նաև անվճար ծառայությունների տեսականու ավելացում,
• ԽՍՀՄ խնայբանկերում մինչև 1993 թվականը ներդրված ավանդների փոխհատուցման տրամադրման ծրագրերի շարունակականություն:
Հարգելի գործընկերներ
Մենք դեռևս շատ անելիքներ ունենք, որպեսզի պետությունից յուրաքանչյուր քաղաքացու ակնկալիքները դարձնենք իրականություն:
Առաջիկայում ապահովելու ենք՝
• բարձր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծում, արտահանմանը նպաստող արդյունաբերական քաղաքականության լիարժեք իրականացման միջոցով,
• կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկում՝ միտված արժանապատիվ ծերության ապահովմանը,
• աշխատավարձերի համակարգված բարձրացում,
• կրթության որակի և հասանելիության ապահովում, որպես առկա հիմնախնդիրների հաղթահարմանն ուղղված հիմնական միջոց,
• հասանելիություն և որակի բարձրացում՝ առողջապահության ոլորտում,
• պարապուրդի մատնված ձեռնարկությունների վերագործարկում՝ անհրաժեշտության դեպքում ոչ արդյունավետ սեփականատիրոջը փոխարինելով բանիմաց, զարգացմանը միտված ծրագրեր ունեցող գործարարով, յուրաքանչյուր ձեռնարկությանը, կարիքներին համապատասխան առարկայական, նպատակային աջակցություն,
• փոքր և միջին ձեռնարկությունների համար բարենպաստ բիզնես միջավայրի ապահովում, սկսնակ բիզնեսմեններին անհատական աջակցություն,
• ներդրվելու է գույքահարկի արդարացի համակարգ։
Մենք պետք է կազմակերպվենք, դառնանք մարտունակ պետություն և կազմակերպված հասարակություն: Իսկ կազմակերպված լինելուն մենք այլընտրանք չունենք: Դա հասկանալու համար բավական է նայել աշխարհի քարտեզը և տեսնել մեր հայրենիքի աշխարհագրական դիրքը: Դա հասկանալու համար բավական է հետևել միջազգային լրահոսին և վերլուծել այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում մեր հարևանությամբ: Դա հասկանալու համար բավական է ծանոթանալ համաշխարհային տնտեսական ցուցանիշներին և այն ոչ հուսադրող կանխատեսումներին, որոնք վերաբերվում են մեր առևտրային գործընկերներին:
Մեր առջև կանգնած մարտահրավերներին դիմակայելու համար օրակարգային խնդիր է անցում կատարել գոյատևման կենսաձևից և մտածողությունից դեպի զարգացման հայեցակարգի իրագործումը: Անհրաժեշտ է վերանայել յուրաքանչյուրիս անձնական շահի գերակայությունը հանրային, պետական, ազգային շահի նկատմամբ: Սա է այն բանաձևը, որի գործարկման արդյունքում մենք կկարողանանք կերտել մրցունակ, ապահով և մարտունակ պետություն:
Պատահական չէ, որ նախորդ տարվա Ազգային ժողովի ընտրություններին մենք մասնակցեցինք «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով: Իսկ այս տարվա նախագահական ընտրություններին մեր քաղաքական թիմի առաջնորդը մասնակցեց «Դեպի Ապահով Հայաստան» կարգախոսով: Միմյանց փոխլրացնող այս գաղափարները ապագայի մեր տեսլականն է: Տեսլական, որն արժանացավ մեր քաղաքացիների մեծամասնության հավանությանն ու լիազորեց մեզ ապագա տարիներին իրականացնել փոփոխություններ և կերտել Ապահով Հայաստան:
Հարգելի պատգամավորներ,
Սիրելի քաղաքացիներ,
Կարևորագույն փոփոխությունը, որ մենք պետք է իրականացնենք՝ դա մտածելակերպի փոփոխությունն է, վարքագծային կանոնների փոփոխությունը, որը կստեղծի օրինապաշտ միջավայր: Միջավայր, որում արտոնյալ կարգավիճակը, պաշտոնական դիրքի չարաշահումը, կոռուպցիան, օրենքից վեր դասվելը տեղ չունեն և դատապարտելի են բոլորի կողմից:
Այո՛, սա հեղափոխություն է, հեղափոխություն, որ մենք կիրականացնենք ոչ թե հրապարակներում, ոչ թե փողոցներում, այլ մեր մտածելակերպում:
Մենք կհաջողենք, եթե մեր նպատակադրած արժեքների և առկա արժեքների միջև գոյություն ունեցող ճեղքվածքը հաղթահարենք: Մենք կհաջողենք, եթե համագործակցենք:
Այս ծրագիրը ենթադրում է մեծ ծավալի աշխատանք: Երբեմն ոչ ամբոխահաճո, երբեմն ցավագին որոշումներով, հաճախ՝ միանգամից ոչ տեսանելի արդյունքներով: Սա փոփոխությունների ծրագիր է, որն իրականացնողները պատրաստ են կրել դրա իրականացման պատասխանատվությունն ու առանձին փուլերի՝ ենթադրյալ բացասական արձագանքի ու քննադատության բեռը:
Մենք ակնկալում ենք խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության, ինչպես նաև այլընտրանքային քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և պետության ապագայով մտահոգ յուրաքանչյուր քաղաքացու աջակցությունը:
Ինչպես Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է իր նախընտրական ծրագրում,- ն«…մենք միշտ հանդես ենք եկել «հանուն» գաղափարներով, չենք գործել ընդդեմ ինչ-որ մեկի կամ ինչ-որ ուժի, պաշտպանել ենք քննարկումների և հնարավորինս լայն երկխոսության մոտեցումները, առաջարկել ենք ճանապարհ, որը տանում է դեպի Հայաստանի անվտանգության ամրապնդում, դեպի համերաշխության և մեր ժողովրդի բարեկեցության ապահովում»:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը խոստանում է նվիրական, քրտնաջան աշխատանք, որի արդյունքները տեսանելի և շոշափելի կլինեն յուրաքանչյուրի համար»: