Ես չեմ հեռանա. Բաշար Ասադ
Արգենտինյան Clarin թերթին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ԱՄՆ-ին զգուշացրել է, որ խաղաղ բանակցությունների անցկացմանն ուղղված նրա ջանքերը չեն կարող կանգնեցնել Սիրիայում ընթացող բախումները:
Ասադի կարծիքով՝ սիրիական ընդդիմությունը շատ է պառակտված՝ խաղաղության առաջարկներ մշակելու համար: Ասադը հավելել է, որ մտադիր չէ հրաժարական տալ մինչև 2014 թվականը, երբ Սիրիայում կանցկացվեն նախագահական ընտրություններ:
Ասադն իրեն համեմատել է փոթորկի պայմաններում հայտնված նավապետի հետ. «Ես նրանցից չեմ, ովքեր փախչում են սեփական պարտականություններից»: Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմն ավելի վաղ հայտարարել էր, որ Ասադը պատրաստվում է մասնակցել 2014 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին:
Հիշեցնենք, որ սրանից առաջ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) զեկույց էր պատրաստել, որում ասվում էր, որ եթե Բաշար Ասադը սեփական թեկնածությունն առաջադրի 2014 թվականի նախագահական ընտրություններում, ապա կհավաքի քվեների 75 տոկոսը: