«Որևէ մեկի քննարկման կարիքը չկար՝ զոհված զինվորին իր ծնողները պետք է Երևան բերեի՞ն, թե՞ ոչ»
«Մեղավորը կառավարման ամբողջ համակարգն է` չընտրված իշխանություններով: Բանակում տեղի ունեցածը պարզապես երկրում տիրող իրավիճակի արտացոլանքն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով զինվոր Լյուքս Ստեփանյանի մահվան դեպքին:
«Նման դեպքեր ոչ միայն բանակում են լինում, որտեղ զենքի կենտրոնացվածություն կա, դեռևս չհասունացած ու տաքարյուն երիտասարդներ կան, որոնց արդյունքում նման դեպքեր են գրանցվում, այլև մյուս բնագավառներում: Որևէ մեկի քննարկման կարիքը չկա՝ զոհված զինվորին իր ծնողները պետք է Երևան բերեի՞ն, թե՞ չբերեին, որովհետև դա բացառապես իրենց որոշելիքն է. նրանք բողոք ունեն` առողջ որդի են ուղարկել բանակ ու ստացել նրա դին: Որևէ մեկը իրավունք չունի գնահատական տալ նրանց գործողություններին: Իսկ այն, որ ճանապարհը նրանց առջև փակվեց, նորություն չէ` մեր իշխանությունները տարիներ շարունակ դիմում էին այդ մեթոդին, հենց նույն միտինգների ժամանակ»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը: Իշխանության միակ «պաշտպան հենարանը», ըստ նրա, ոստիկանությունն է, որի հետևում էլ գործող իշխանությունը թաքնվում է:
Իսկ պատասխանատվությունը, Ա. Մարտիրոսյանի խոսքով, պետք է կրի իշխանությունը, որը տարիներ շարունակ նման կառավարման համակարգ է ստեղծել. «Այդ իշխանության մեջ և’ կառավարությունն է մտնում, և’ պաշտպանության նախարարությունը, և Ազգային ժողովը. բոլոը` իրենց օլիգարխներով, թաղի խուժաններով, որոնց թվի մեծությունը ավագանու ընտրություններին մենք տեսանք»: