Ժիրայր Սէֆիլյանի կոչը. «Մի´ լքեք Հայաստանը, եկեք միասին պայքարենք»

«Մինչ օրս այս ռեժիմը կարողացել է իր դիրքերում այսքան երկար տարիներ շարունակ պահպանվել ոչ այն պատճառով, որ հզոր է եղել, այլ այն պատճառով, որ մինչ այժմ գործող ընդդիմադիր ուժերը, մեղմ ասած, գործել են սխալ և անկազմակերպ»,- այսօր Ազատության հրապարակում հայտարարեց հայտնի ազատամարտիկ, Նախախորհրդարան քաղաքացիական շարժման համակարգող Ժիրայր Սէֆիլյանը:

«Ուրեմն՝ մեզ այսօր ամեն ինչից առաջ պետք է կազմակերպվել: Ինչպես տեսնում ենք, մեր երկիրն օկուպացված վիճակում է, և գործող ադմինիստրացիան բացահայտ պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին, հետևաբար` առանց կռիվ տալու, առանց դիմադրելու հնարավոր չի լինի ազատագրել հայրենիքը»,- շարունակեց Ժիրայր Սէֆիլյանը:

«Հիմա ի՞նչ անել, հիմա´, այդքան շատ չարչրկված «հիման»»,- հռետորական հարց հնչեցրեց նա:

««Հիման» առաջին հերթին վերաբերում է կազմակերպվելուն: Եթե 25 տարի առաջ մեզ անհրաժեշտ էր Արցախը գերությունից ազատելու համար, ապա այսօր պետք է կազմակերպվենք անկախ պետություն ստեղծելու նպատակով»,- հայտարարեց նա:

Կարդացեք նաև

Միաժամանակ Ժ. Սէֆիլյանը տեղեկացրեց, որ Նախախորհրդարանն իր հաջորդ հավաքն Ազատության հրապարակում կիրականացնի հուլիսի 12-ին: Իսկ վերջում՝ դիմելով հայ երիտասարդությանը, կոչ արեց նրանց.  «Մի´ լքեք Հայաստանը, եկեք միասին պայքարենք: Մենք սկսել ենք պայքարը, միասին ձևավորելու ենք քաղաքացիական բանակը»:

Նշենք, Նախախորհրդարանն առաջին անգամ էր հանրահավաք կազմակերպում Երևանի Ազատության հրապարակում, իսկ Ժ.Սէֆիլյանը վերջինն էր, ով ելույթ ունեցավ Նախախորհրդարանից: Մինչ այդ հավաքված քաղաքացիների առջև իրենց մտահոգություններով կիսվեցին մշակութային, գիտական հայտնի գործիչներ և բնապահպանական ու քաղաքացիական ակտիվիստներ, ինչպես օրինակ ռեժիսոր Տիգրան Խզմալյանը, դիրիժոր Վարդան Հակոբյանը, բնապահպան Եղիա Ներսիսյանը, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը և այլոք:

Տեսանյութեր

Լրահոս