Էրդողանի հետ հանդիպումից հետո Օբաման խոսել է Սիրիայի խնդրի ռազմական լուծման հնարավորության մասին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը իրեն իրավունք է վերապահում կիրառել Սիրիայի խնդրի կարգավորման թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական քայլեր, սակայն մտադիր է խնդիրը լուծել միջազգային հանրության հետ համատեղ:
Այս մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման.
«Ես պահպանում եմ հնարավորությունները՝ հավելյալ միջոցների ընդունման համար, ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական, քանի որ Սիրիայում քիմիական զենքը սպառնում է մեր անվտանգությանը, ինչպես նաև դաշնակիցների ու հարևանների անվտանգությանը:
Սակայն դա միջազգային խնդիր է, և ես հուսով եմ շարունակել աշխատանքները շահագրգիռ բոլոր կողմերի հետ: Վաշինգտոնը մտադիր չէ ձեռնարկել միակողմանի գործողություններ: Ինչ վերաբերում է «կարմիր գծերին», ապա ես ասել եմ, որ քիմիական զենքի կիրառումն արգելված է ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից:
Մենք ապացույցներ ենք հավաքելու և միջազգային հանրությանն ենք ներկայացնելու այն ամենը, ինչ հայտնի է մեզ: Մենք պայմանավորվել ենք ուժեղացնել ճնշումն Ասադի վարչակարգի վրա և աշխատել սիրիական ընդդիմության հետ: Մենք երկուսս էլ համաձայն ենք, որ Ասադը պետք է հեռանա:
Թուրքիան պետք է կարևոր դեր խաղա Սիրիայի վերաբերյալ պատրաստվող միջազգային կոնֆերանսում: ԱՄՆ-ը հավատարիմ է Սիրիայում փոխընդունելի մարմնի ձևավորմանը, որը պետք է ազատ լինի Ասադի բռնապետությունից»: