Արմեն Մարտիրոսյանը ողջունում է ՀՀՇ-ի վերականգնումը. «Իրենք այդ սկզբունքայնությունն ունեցան…»
«Ըստ էության, այսօր Հայաստանի քաղաքական դաշտում ունենք երկու ՀՀՇ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` խոսելով վերջերս Հայոց համազգային շարժում կուսակցությունը մի խումբ գործիչների կողմից վերականգնելու նախաձեռնության մասին:
«ՀՀՇ-ի մի հատվածն այսօր ամփոփված է Հայ ազգային կոնգրես կուսակցության մեջ, և ունենք ՀՀՇ-ի մի հատված, որը տարիներ շարունակ պահում էր «ՀՀՇ» անունը` անկախ նրանից, որ դա նույնիսկ մոդա չէր, բայց իրենք այդ սկզբունքայնությունն ունեցան և եղան ՀՀՇ ղեկավարություն ու այս տարիների ընթացքում պահեցին այդ կուսակցությունը: Խոսքը վերաբերում է և´ Ալեքսանդր Արզումանյանին, և´ Արարատ Զուրաբյանին, ովքեր այդ ժամանակահատվածում եղել են այդ կուսակցության ղեկավարները»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Այսպիսով, Ա.Մարտիրոսյանն արձանագրեց, որ, փաստորեն, այդ «սկզբունքային հատվածը», որը մի քանի տարի առաջ դուրս էր մղվել կուսակցությունից, վերականգնում է ՀՀՇ-ն, ինչն, ըստ նրա, ողջունելի քայլ է:
«Կարծում եմ, որ սա կապ չունի Հանրապետականի ասած ընդդիմություն չլինելու և նոր ընդդիմության ձևավորման հարցի հետ, այլ կապ ունի նրա հետ, որ մարդիկ տարիներ շարունակ աշխատանք են իրականացրել, ներդրում են ունեցել և չեն ցանկանում, որ իրենց ներդրումը, աշխատանքն այսպես փորձեն ոչնչացնել: Ուստի իրենք, որպես կայացած քաղաքական գործիչներ, փորձում են վերականգնել ՀՀՇ կուսակցությունը»,- ավելացրեց «Ժառանգության» ներկայացուցիչը:
Ինչ վերաբերում է այդ նոր կուսակցության հետ հնարավոր համագործակցությանը, Ա.Մարտիրոսյանն ընդգծեց, որ «Ժառանգությունը» միշտ է համագործակցել ընդդիմադիր դաշտի ցանկացած ուժի հետ:
«Մենք որևէ խնդիր չունենք, և որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ-որ ուժ ընդդիմադիր դաշտում պրոցես է սկսել, և մենք իր կողքին կանգնած չենք եղել: Ցավոք սրտի, մեր կողքը շատ ժամանակ չկանգնեցին, բայց դա կապ չունի»,- ավելացրեց Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության մի քանի նախկին անդամներ` Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Հովհաննես Իգիթյանը և Կարապետ Ռուբինյանը, հանդես եկան հայտարարությամբ, որով ազդարարեցին ՀՀՇ-ի վերածնման մասին: