Էրդողանի ամերիկյան այցի ժամանակ կոնգրեսականներն առաջ են քաշել Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձև

Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի (ANCA) կայքի փոխանցմամբ՝ կոնգրեսականներ Ադամ Շիֆֆը, Մայքլ Գրիմը, Դևիդ Վալադաոն և Ֆրենկ Փալոնեն երեկ ներկայացրել են Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև` «Հայոց ցեղասպանություն. Ճշմարտություն ու արդարություն»:

Ուշագրավ է, որ դա տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ամերիկյան այցի ժամանակ: Բանաձևն ԱՄՆ նախագահին կոչ է անում աշխատել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ՝ հիմնված Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ու հետևանքների լիովին ճանաչման վրա: ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է այս նախաձեռնությունը:

Մայքլ Գրիմը հայտարարել է, որ գրեթե 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում դաժանաբար սպանվել են 1.5 միլիոն հայ տղամարդիկ, կանայք և անմեղ երեխաներ. «ԱՄՆ-ը համայն աշխարհում պաշտպանում է մարդու իրավունքներն ու արդարությունը, և մեր սրբազան պարտքն է վերջնականապես ճանաչել Հայոց ցեղասպանության անարդարությունները»:

Ադամ Շիֆն իր հերթին հայտարարել է. «Պատմական փաստերը քաջ հայտնի են. 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ միտումնավոր սպանել են 1.5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների: Յուրաքանչյուր օր մենք կորցնում ենք այն վերապրած ևս մի քանի մարդու: Մենք բոլորս պետք է մեծապես շտապենք և մեր բարոյական պարտքը համարենք Հայոց ցեղասպանության՝ միանշանակ ու առանց ձգձգման ճանաչումը»:

Ֆրենկ Փալոնեն էլ հայտարարել է, որ վաղուց հասունացել է Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ-ի կողմից պաշտոնապես ճանաչելու պահը:

Տեսանյութեր

Լրահոս