«Ընտրություններից հետո միայն հայտարարեցին, որ գազի գինը թանկացել է, որովհետև…». Արմեն Մարտիրոսյան
«Ընդդիմադիր դաշտի ոչ ճիշտ գործունեության, մեկը մյուսի դեմ պայքարելու, նույնիսկ այլ քաղաքական ուժերին հովանավորելու արդյունքում` մեր քաղաքացիները մեծ զայրույթ ապրեցին, և դա արտահայտվեց Երևան քաղաքի ընտրությունների ժամանակ, երբ ընտրողն ուղղակի պատժեց ընդդիմադիր քաղաքական ուժերին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ավագանու ընտրություններում «Բարև, Երևան» դաշինքը գլխավորած Արմեն Մարտիրոսյանը:
Վերջինս արձանագրեց, որ մայիսի 5-ի ընտրություններին առաջին անգամ էր, երբ «ընտրակաշառքը 100 տոկոսով աշխատեց», և գոնե ընտրատեղամասում մեծ վերահսկողություն կար` անկախ այն հանգամանքից, որ ընտրախախտումներն իրականացվել են ընտրատեղամասերից դուրս, սակայն միաժամանակ ավելացրեց. «Ուղղակի քաղաքացին պատժեց ընդդիմադիր ուժերին` ասելով. «ես ծայրահեղ վիճակում եմ գտնվում, իսկ դուք տարված եք նեղ կուսակցական ամբիցիաներով, ոչ թե փորձում եք պաշտպանել իմ շահը»»:
«Իմիջիայլոց, եթե ես իշխանությանը շատ չկպնեմ, դա էլ պատճառ ունի. իշխանությունն արդեն ցույց է տվել, որ այսպիսին է, ինքը ոչ փոխվելու է… շարունակելու է թալանը, ատկատները, նույն յուրացումները, ընտրակեղծիքները, ինքն արդեն ասել է`«ես այնպիսին եմ, ինչ կամ, և այդպես էլ շարունակելու եմ»»,- շարունակեց Արմեն Մարտիրոսյանը:
Հենց այս համատեքստում նա խոսեց Ռուսաստանից ներկրվող գազի գնի բարձրացման հարցի մասին: «Գազի գինը մեկ տարուց ավելի թանկացել է (մի փուլ արդեն թանկացել է, հիմա արդեն երկրորդ փուլն է), ընտրություններից հետո նոր միայն հայտարարեցին, որովհետև, եթե իշխանությունը նմանատիպ հայտարարություն աներ ցանկացած ընտրությունից առաջ, բնականաբար, 10 000 դրամ ընտրակաշառքով չէր կարող ձայն գնել: Այն, ինչ լինելու է, մեր աղքատ բնակչությանը պարզապես ծայրահեղ վիճակի կհասցնի»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը:
Ի դեպ, Արմեն Մարտիրոսյանի կարծիքով` Հայաստանում աղքատ բնակչության թիվը ոչ թե ընդհանուր բնակչության՝ մոտ 35, այլ՝ 70 տոկոսն է, քանի որ, ըստ նրա, աղքատության շեմը պետք է հաշվարկվի նվազագույն սպառողական զամբյուղից, որը կազմում է մոտ 60 000 դրամ: