ԱՄՆ-ում գրանցվել է թունավոր նամակի ուղարկման հերթական դեպքը
CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ անհայտ անձինք մահացու թույնով (ռիցին) նամակ են ուղարկել ԱՄՆ Վաշինգտոն նահանգի դատավորին: Սպոկան քաղաքի փոստային բաժանմունքի աշխատակիցները ստուգման ժամանակ հայտնաբերել են թույնով լի երկու նամակ:
Դրանցից մեկը նախատեսված է եղել քաղաքի դատավորի համար, որի անունը չի հրապարակվում: Մյուս նամակը պետք է հայտնվեր փոստի տեղական բաժանմունքում: Հետաքննչական մարմիններն ու փոստային ծառայությունը հետաքննություն են սկսել: Երկու նամակն էլ ուղարկվել է մայիսի 14-ին:
Ապրիլի վերջին դաշնային իշխանությունները մեղադրանք են ներկայացրել 41-ամյա Էվերետ Դատչկեի նկատմամբ, որին կասկածում են երկրի նախագահ Բարաք Օբամային, ԱՄՆ Կոնգրեսի սենատի անդամ Ռոջեր Ուիկերին, ինչպես նաև Միսիսիպի նահանգի դատավորներից մեկին թունավոր նամակներ հղելու մեջ: Նրան սպառնում է ցմահ ազատազրկում: